Թրամփը Լոնդոն է գնում
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է Մեծ Բրիտանիա իր պետական այցը: BBC-ն հայտնում է, որ Լոնդոնի ժամանակով առավոտյան 9-ին Air Force One օդանավը վայրէջք կկատարի Սթանսթեդ օդանավակայանում:
ԱՄՆ նախագահ Թրամփը Բրիտանիա է գալիս եռօրյա պետական այցով, ընդ որում՝ նրա հետ կլինի գրեթե ամբողջ ընտանիքը: Սպասվում է որ այսօր Բուքինգեմյան պալատում Թրամփին կընդունի Եղիսաբեթ II-ը, տեղի կունենան հանդիպումներ արքայազն Չարլզի եւ Քորնուոլի դքսուհի Կամիլայի, Քեմբրիջի դքսի եւ դքսուհու, ինչպես նաեւ արքայազն Հարրիի հետ:
Իսկ ահա Սասեքսի դքսուհի Մեգանի հետ, չնայած նա ծագումով ամերիկուհի է, Թրամփը չի հանդիպի: Նա հարգելի պատճառ ունի՝ Արչի Հարիսոն որդին նոր է ծնվել, բայց լոնդոնյան մամուլը գրել է, որ Մեգանը չի ցանկանա տեսնել հայրենի երկրի նախագահին: Նա իբր վերջերս Sun պարբերականի հետ զրույցում Մեգանին անտանելի մարդ է անվանել, չնայած դրանից հետո իր թվիթերյան էջում հերքել է, որ նման բան է ասել:
Բացի թագավորական ընտանիքի անդամներից, Թրամփին են սպասում հազարավոր ցուցարարներ, որոնք դժգոհ են Լոնդոնում նրա ներկայությունից: YouGov սոցիոլոգիական ընկերությունը պարզել է, որ լոնդոնցիների 54 տոկոսը դեմ է Լոնդոն Թրամփի գալուն, կողմ է միայն 24 տոկոսը:
Եղիսաբեթ II թագուհին հանդիպել է ԱՄՆ 13 նախագահների հետ: Նրանց մեծ մասի հետ հանդիպել է Բուքինգեմյան պալատում:
Ամերիկացի նախագահներից առաջինն այս պալատ է այցելել դեռեւս մինչեւ Եղիսաբեթ II-ի գահակալումը, երբ Առաջին աշխարհամարտից հետո Վուդրո Վիլսոնն այնտեղ հանդիպել է Գեորգ V թագավորի հետ: ԱՄՆ հաջորդ նախագահը Բուքինգեմյան պալատ է այցելել միայն 1961 թվականին: Նա Ջոն Քենդին էր:
Թագուհին հանդիպել է նախագահներ Թրումենի, Գուվերի եւ Էյզենհաուերի հետ, բայց Քենեդին ԱՄՆ առաջին նախագահն էր, որը նրա մոտ պետական այցով էր եկել:
Daily Mail պարբերականը հիշեցնում է, որ նախագահ Օբամայի այցի ժամանակ ընթրիքից հետո թագուհին անսպասելի ասել է, որ քնելու ժամանակն է, եւ նա ու նրան ուղեկցողներն ուղղակի հեռացել են: Հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի միջեւ ժամային տարբերությունը, դա Օբամայի համար դեռեւս վաղ ժամ էր, բայց ստիպված էր հետեւել Նորին մեծության օրինակին