Երկակի ստանդարտներ, կամ՝ իմպերատիվ է ոչ այնքան օրենքը, որքան իշխանության կամքը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցի. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն։ «Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:
Քաղաքացիները հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը արգելափակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով։ Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։
Եթե վերանանք իրավական ձևակերպումներից, ՀՔԾ-ն փաստորեն անուղղակիորեն օրինականացրել է Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ որոշումը, և սա այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքական ընդդիմությունն ու միջազգային կազմակերպություններն, ըստ էության, դատապարտել էին դատարանների մուտքերն ագելափակելու ակցիան։ Ի դեպ, ուշագրավ է, որ երեկ կայքերից մեկին բացառիկ հարցազրույց էր տվել Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ըստ էության, հանցագործություն որակելով դատարանների մուտքերի շրջափակումը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Դատավորների միությունն՝ իր երկու հայտարարություններով, ըստ էության, նույն տեսակետն է արտահայտել։
Իհարկե, նման դիրքորոշումը որևէ կերպ զարմանալի չէ։ Շենքեր արգելափակելն ինքնին հանցագործություն է, էլ չենք ասում այն մասին, որ տվյալ դեպքում գործ ունենք դատական իշխանության կամ արդարադատության իրականացման նկատմամբ գործադիր իշխանության բանեցրած ակնհայտ ճնշման հետ։
ՀՔԾ որոշումն, ըստ այդմ, չի կարող ունենալ որևէ բանական իրավական բացատրություն՝ անկախ հրապարակավ հնչեցված մոտիվներից։ Միակ բացատրությունն այն է, որ ծառայությունն այս դեպքում կայացրել է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում՝ փաստացի անվերապահ աջակցություն հայտնելով Փաշինյանին ու նրա որոշմանը։ Սա ցույց է տալիս, որ հետհեղափոխական Հայաստանում գործում է հին իներցիան, երբ դատախազության, քննչական մարմինների համար իմպերատիվ է ոչ այնքան օրենքը, որքան իշխանության ու երկրի ղեկավարի կամքը։
Սակայն ՀՔԾ որոշման քաղաքական հետևանքները շատ ավելի խորքային դրսևորում են ունենալու, քան թվում է առաջին հայացքից։
Բանն այն է, որ փողոցներ, շենքեր փակելը, պետական ինստիտուտների գործունեությունը կաթվածահար անելը դարձել է բողոքի արտահայտման հիմնական ձև հետհեղափոխական Հայաստանում։ Եթե վարչապետի նախաձեռնած ակցիան համարվում է միանգամայն օրինական, ապա, ըստ էության, խրախուսվում է հեղափոխականությունը, ընդ որում՝ իրավապահ մարմնի մակարդակով, ու պետք չէ զարմանալ, որ առաջիկայում «պաշարման» գործողությունները նոր թափ են ստանալու՝ ավելի ռադիկալ դրսևորումներով։ Ընդ որում՝ Հայաստանում տեսանելի են սոցիալական լարվածության ակնհայտ նշաններ, ինչը ենթադրում է, որ առաջիկայում երկիրը հայտնվելու է պերմանենտ ցնցումների հորձանուտում։
Մյուս կողմից՝ այս օրերին դրսևորվում է Հայաստանի իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառման պրակտիկան։ ՀՔԾ-ն, ըստ էության, օրինականացնում է դատարանների մուտքերի շրջափակման ակցիան, սակայն ոստիկանները, որոնք մի քանի օր առաջ լուռ հետևում էին դատարանների շենքերի պաշարմանը, այս օրերին մեծաքանակ ուժերով Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակն «ատամներով» պաշտպանում են մի քանի տասնյակ ակտիվիստների «շրջափակումից»։
Բնականաբար, անթույլատրելի եմ համարում որևէ շենքի պաշարում, սակայն տրամաբանությունից դուրս է, երբ օտարերկրյա մասնավոր հիմնադրամը համարվում է անձեռնմխելի՝ իշխանության ճյուղ համարվող դատարանների «օկուպացիայի» արդարացման համատեքստում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում