Կադաստրում բացահայտումների վերջը չի երևում
АналитикаԱյն, որ մայրաքաղաքի ապօրինի հողազավթումների քրոնիկոնում իր ուրույն տեղն է ունեցել Կադաստրի պետական կոմիտեն, նորություն չէ: Այսինքն՝ այն եղել է կոռումպացված կառույցներից մեկը, որտեղ առանց ծանոթի ու այլ միջամտության նախկինում գործարքներ գրեթե չեն իրականացվել:
ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, սակայն վստահեցնում է, որ կառույցի նախկին կոռուպցիոն համակարգը կազմաքանդվել է: Չեն գործում նաև Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի միջև եղած նախկին սխեմաները, ինչին կարողացել են հասնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի վճռականության ու ջանքերի շնորհիվ:
Ինչ վերաբերում է շահերի բախումներին, ապա, ըստ Ս. Պետրոսյանի, դրանք նույնպես վերացվել են: Նախկինում շահերի բախման տարբեր դրսևորումներ են եղել, որի արդյունքում բավականին հանրային միջոցներ են փոշիացվել: Քիչ չեն եղել հողերի անօրինական օգտագործման դեպքերը: Նաև, երբ այդ վայրերում անգամ հանքեր են շահագործվել: Վնասներ են կրել նաև շատ սեփականատերեր, որոնք ինչ-ինչ գործարքների արդյունքում դուրս են մնացել սեփականատերերի ցանկերից:
Կան դեպքեր, որ նույն գույքը տարբեր տեղերում տարբեր հասցեներով է գրանված եղել, ինչը համայնքի համապատասխան կառույցների անփույթ աշխատանքի հետևանք է եղել: Բացահայտումներից բացի կադաստրը գնում է նաև զարգացման ճանապարհով, որպեսզի սեփականաշնորհման վկայական ստանալու համար այլևս կարիք չլինի համապատասխան ստորաբաժին հասնել, հերթ կանգնել ու դրա վրա ժամանակ ծախսել:
Ինչ վերաբերում է գեոդեզիական քարտեզներին, ապա այստեղ էլ բավականին գործ կա անելու, քանի որ ոլորտը նախկինում նույնպես փաստացի բարցիթողի վիճակում է եղել: Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը խոստացավ նաև, որ առաջիկայում հանրությունը հարուցվող քրեական գործերի մասին կտեղեկանա: Եթե գործեր հարուցվեն, ապա չի բացառվում նաև, որ հասարակությունը նոր ձերբակալությունների մասին տեղեկանա, որոնք կարող են նաև հայտնի անուններով անձանց առնչվել: