Ինչպե՞ս վերացնել Երևանի ու Ստեփանակերտի հակադրությունը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Արցախպրեսին»՝ ըստ էության, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որում Հայաստանի վարչապետը խոսել էր Արցախի իշխանության, այսպես ասած, «դավադրական» գործունեության մասին։ «Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեք. հանդիպել եմ և՛ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության, և՛ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հետաքրքրվել եմ՝ իմ ներկայացրած առաջարկների հետ կապված առարկություններ կա՞ն: Համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն: Պարզվել է՝ բոլորը համաձայն են: Եվ երբ դրանից հետո էդ սեղանի շուրջ եղած մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ՝ ոնց եմ պատկերացնում՝ ինչ քայլերով պետք ա գնանք առաջ:
Եթե էս մարդը սենյակից դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա «Ֆեյսբուքում» գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա: Ինքը գիտի 100 տոկոսով՝ ինչ ա կատարվում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Բակո Սահակյանն, ըստ էության, հակադարձել է Հայաստանի վարչապետին «Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:
Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերությունները հայտնվել են ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, ու այդ փաստը հերքել այլևս հնարավոր չէ։ Հակասություններ միշտ են եղել, սակայն դրանք ունեցել են մարտավարական բնույթ ու երբեք չեն հրապարակայնացվել՝ հանգուցալուծվելով, այսպես ասած, աշխատանքային կարգով։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ հայկական երկու պետությունների ղեկավարները միմյանց հետ «փոխհրաձգության» մեջ են՝ հաղորդակցության միջոց ընտրելով ԶԼՄ-ներին։
Սա խիստ վտանգավոր, անընդունելի մի իրավիճակ է, որի շահառուն բացառապես Ադրբեջանն է։
Երկուստեք հետևություններ անելու անհրաժեշտություն կա, նման հակասությունները մեծ «շռայլություն» են չավարտված պատերազմի, ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության ու հռետորաբանության համատեքստում։
Բակո Սահակյանի հետ, անշուշտ, մի հարցում անվերապահ համաձայն եմ՝ «դավադրական» տեսություններով հնարավոր չէ բնականոն հարաբերություններ հաստատել Երևանի ու Ստեփանակերտի միջև։
Արցախն ու Հայաստանը գտնվում են միևնույն քաղաքական համակարգում, և Արցախը, բնականաբար, պետք է ադապտացվի Երևանում տեղի ունեցած փոփոխություններին։
Մյուս կողմից՝ անընդունելի ու դատապարտելի են հեղափոխությունն Արցախ «արտահանելու», Արցախի էլիտայի մեջ «յուրայիններ» կամ «օտարներ» փնտրելու փորձերը։ Հայաստանի իշխանությունը պետք է մշակի Արցախի հետ հարաբերությունների ներդաշնակ բանաձև՝ նրա իշխանությունը «օկուպացնելու» կամ այն «վեթթինգի» ենթարկելու փորձերի փոխարեն։ Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չպետք է դառնա Արցախի ընտրական գործընթացի ուղղակի կամ անուղղակի մասնակիցը՝ հարգելով այն ընտրությունը, որը կկատարեն ԱՀ մեր հայրենակիցները։ Ի վերջո, եթե Նիկոլ Փաշինյանի թիմը հետամուտ է, որպեսզի Արցախի խնդրի կարգավորման գործընթացում վերականգնվի Ստեփանակերտի սուբյեկտությունը, այն՝ առաջին հերթին, պետք է հարգի հենց ինքը՝ ներհայկական հարաբերություններում։
Անհրաժեշտ է նոր հարթակներ ձևավորել՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերությունները բնականոն հարթություն տեղափոխելու, առկա կնճիռները հաղթահարելու, ընդհանուր օրակարգ մշակելու նպատակով։ Հակասություններն ինքնին վտանգավոր չեն, երբ ստեղծված են դրանց հաղթահարման ու ավելի արդյունավետ լուծումներ գտնելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Կարևորը՝ էսկալացիային վերջ տալն է ու երկխոսության հարթակ ձևավորելը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում