Կեղծ օրակարգն ու իրականությունը
АналитикаԱյսօր՝ հեղափոխությունից մեկ տարի հետո, պաշտոնապես գլխավոր օրակարգը «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ պայքարն է, բայց արդեն անձերի մակարդակում: Դրան զուգահեռ՝ համակարգի դեմ պայքարի գիտակցություն չկա: Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը կասեցնելու խնդիրը վերաճեց դատարանների դեմ պայքարի, մինչդեռ հարց է՝ ու՞ր էր վերադառնալու Քոչարյանը, արդյոք նա իրենից ներկայացնում էր քաղաքական գործոն կամ նրան սպասող կա՞:
Ակնհայտ է, որ երկրորդ նախագահը մարդ է, որ պայքարում է իր անձնական ազատության ու ունեցվածքը պահպանելու համար, ոչ թե հանրության հետ միասնության հեռանկարների: Հենց իշխանությունների քայլերն են նրան հերոսացնում ու դարձնում արդարության զինվոր կամ քաղաքական հալածյալ, որ նա երբեք չի եղել ու չի կարող լինել: Ինչպե՞ս է ստացվում, որ Ռ.Քոչարյանը դառնում է գործող անձ քաղաքականության մեջ, որտեղից արդեն դուրս է մղվել քաղաքականությունը։ Սա հարց է, որի պատասխանը շատ հարցեր կհանի օրակարգից, հենց այն պսեվդոօրակարգից, որ մատուցվում է հասարակությանը՝ իրականի փոխարեն:
Իրականում բախվում ենք թավշե այն իրականությանը, որ հասարակությանը նետվում է գիլիոտինի գաղափարը՝ իբրև արդարության սիմվոլ: Գիլյոտինը երբեք չի հաստատի արդարություն՝ ում ձեռքում էլ լինի: հեղափոխության գիլիոտինացման գաղափարը հեղափոխությունը վերածում է հակահեղափոխության: Գիլիոտինին կասեցնելու է նոր գիլիոտինը՝ մինչև ձևավորվի ընկալումը, որ արդարությունը կացնի կոթով չեն հաստատում: Մենք հիմա գնում ենք հակառակ ճանապարհով՝ օրը մեկը հայտնվում է Ազատության հրապարակում ու իրեն հայտարարում հեղափոխության պաշտպան՝ անհրաժեշտության դեպքում բռնի ուժով:
Հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց՝ ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, դատապարտեց բռնության, ատելության դրսևորումն ու քարոզը՝ «բռնության որևէ դեպք ՀՀ-ում տեղ չունի և պետք է տեղ չունենա., որակեց «լուսանցքային երևույթներ»: Այստեղ հարց է առաջանում՝ բռնություն չէ՞ Մանվել Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոցից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, որտեղ պատշաճ բուժօգնություն չի ստանալու՝ այդ հնարավորությունը բանտի հիվանդանոցը չունի։ Եվ ոչինչ չանել, երբ նա չի կարողանում դատին գալ ու հրաժարվում է բուժումներից՝ կոմայի մեջ ընկնելու հեռանկարով: Ունենք մի իրականություն, որ ավելի լավ է սպասենք նա մեռնի, հետո հետաքննություն սկսենք:
Ի դեպ՝ իրականությունը վկայում է, որ ՔՊ-ն փաստացի հերոսացնում է ՀՅԴ-ին՝ իր կամքի դեմ՝ հնարավորություն տալով իրականացնելու ակցիաներ, որ գոյության իրավունք չպիտի ունենան իրավական պետությունում՝ իրենց պատճառահետևանքային ողջ շղթայով: Փաստացի՝ իշխանությունն ինքն է նպաստում, որ ՀՀ ինքնիշխանության դեմ քայլեր ձեռնարկվեն:
«Նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ իր սակրալ պայքարում իշխանությունը ստացել է հավաստագրված պատերազմ, որ փափուկ ուժի կիրառման ձև է՝ քաղաքացիական բախումներ հրահրել ու սպասել իշխանության թուլանալուն կամ բռնություններին: Եվ հայտնի կուսակցություններն ու անհայտ անհատները հաճույքով խաղում են այդ խաղը, երբեմն գուցե չընկալելով իրենց դերն ու գործողությունների իմաստն ու նպատակը:
Անդրանիկ Հարությունյան