Վարչապետի մտքերի հանդեպ բուռն արձագանքը՝ ուշադրության նշան
АналитикаՎարչապետ Նիկոլ Փաշինյանի սևազգեստների մասին հայտարարությունը, նախորդների նման, բավական աշխուժություն մտցրեց հասարակական-քաղաքական կյանքում: Նույնիսկ սոցիալական ցանցերում սկսվեց ֆլեշ-մոբ, ավելի համարձակները հայտարարեցին որ այսուհետ սև շորերով են շրջելու, բայց զավեշտալին այն էր, որ նմանատիպ հայտարարությունների ժամանակ հասարակության մեծ մասը հնչեցված խոսքն ուղիղ է ընկալում ու սկսում է տարբեր ձևերով հակադրվել: Հասարակությանը պայմանականորեն սևերի ու սպիտակների բաժանված լինելը ևս ցավալի ընդունվեց, չնայած ժամանակին «սև» լինելն ավելի թրենդային էր համարվում, քան «սպիտակ» լինելը: Հիմա, երբ ժամանակները փոխվել են, արժեհամակարգ ու շատ մոտեցումներ էլ են փոխվել, բոլորը չգիտես ինչու ուզում են իրենց անբիծ ներկայացնել: Եվ որքան շատ են ջանք թափում այդպիսին երևալու համար, այնքան, ինչպես հայտնի «Մաֆիա» խաղում է սովորաբար լինում, ավելի են սևանում, բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ է ասելու Փաշինյանը, որ իրար հերթ չտալով արձագանքեն: Սա խոսում է այն մասին, որ ոչ թե անտարբեր են երկրում կատավող գործողությունների հանդեպ, այլ բոլորն ուշի-ուշով հետևում են նրա խոսքերին, ինչը, համաձայնեք, որ լավ միտում է: Եթե փորձենք համեմատություններ անցկացնել նախորդ իշխանությունների ժամանակ երկրի առաջին դեմքերի կողմից արտահայտած մտքերի հանդեպ հասարակության արձագանքին, ապա կհամոզվենք, որ հասարակությունը շատ դեպքերում նույնիսկ չէր էլ հետաքրքվում, թե այս կամ այն առիթով, այս կամ այն պաշտոնյան ինչ է ասել: Ավելին, քչերը կկարողանան մտաբերել, թե, օրինակ, երկրի համար կարևորագույն հարցերի մասին երկրի առաջին դեպքերն ինչ կարծիք են հայտնել: Իսկ հիմա այդպես չէ: Հիմա վարչապետի մեկ խոսքը միանգամից փոթորիկ է առաջացնում ոչ միայն համացանցում, այլև համացանցից հեռու ապրողների շրջանում, ինչն իրոք լավ նշան է: Ինչ վերաբերում է անցյալը մաքրելուն ու նոր իրողությունների պայմաններում հրեշտակի թևերով հասարակությանը ներկայանալուն, ապա, ինչպես ասում են, թող քարն առաջինը նետի նա, ով ամենասպիտակն է իրեն համարում, բայց որ հասարակությունը սկսել է նաև հարդը ցորենից տարբերել ու մտածել, որ այնուամենայնիվ սպիտակ դաշտում խաղալն ավելի առողջարար է, համաձայնեք, որ մեծ ձեռքբերում է, թեև չի բացառվում, որ դրանից էլ դժգոհողներ կլինեն, ինչը ոչ թե վատ է, այլ շատ հետաքրքիր: Այնուամենայնիվ, պետք չի հասարակությունը բաժանել գույների, առանց այդ էլ մի բութ ազգից կես բուռ է մնացել:
Արմինե Գրիգորյան