«Խաչատրյանի մրցույթը շատ լավ է կազմակերպված». Սերգեյ Էդելման
КультураԽաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ, առաջատար դաշնակահար Սերգեյ Էդելմանը տպավորված է այս տարվա ստուգատեսից: Նշում է՝ մրցույթի մասնակից դաշնակահարների կատարողական մակարդակը շատ բարձր է:
«Հայաստան են եկել տարբեր մասնակիցներ՝ տարբեր երկրներից: Յուրաքանչյուրն ինքնատիպ է, բայց պետք է ասեմ, որ տաղանդավոր մարդիկ շատ են, և հաճելի է նրանց լսելը: Տպավորությունները լավն են: Մրցույթը շատ լավ է կազմակերպված, մեզ համար մեծ հաճույք է, թե ինչպես են մեզ ընդունում»,- նշում է Սերգեյ Էդելմանը: Ժյուրիի անդամն անհամբերությամբ է սպասում մրցույթի եզրափակչին:
Հավելում է՝ Հայաստանում է արդեն երկրորդ անգամ, այստեղ է եղել նախորդ տարվա դեկտեմբերին՝ մեկ այլ մրցույթի շրջանակում: Հուսով է՝ կկարողանա ծանոթանալ մեր երկրին ու Երևանին:
Տարիներ առաջ ապրել է ԽՍՀՄ-ում, այնպես որ՝ Հայաստանի մասին շատ բան գիտեր. հատկապես ծանոթ էր Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործություններին: Բայց ուրախ կլինի բացահայտել բոլորովին նոր բաներ մեր երկրի ու մշակույթի մասին:
Նշենք, որ Սերգեյ Էդելմանին հաճախ համեմատում են այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Հորովիցը և Արթուր Ռուբինշտեյնը, իսկ համերգային դահլիճներում և ձայնագրման ստուդիաներում դաշնակահարը դարձել է առաջատար երաժիշտ: Նա հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Չիկագոյի սիմֆոնիկ կենտրոնը, Նյու Յորքի «Քարնեգի Հոլը», Լոնդոնի Բարբիկան կենտրոնը, Փարիզի Փլեյել սրահը, Տոկիոյի Կիոի սրահը և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճը: Էդելմանը համագործակցել է աշխարհի առաջատար դիրիժորների հետ, որոնց թվում են Յուրի Բաշմետը, Ֆրանց Փոլ Դեքերը, Վալերի Գերգիևը, Կլաուս Պետեր Ֆլորը, Լոուրենս Ֆոսթերը, Հանս Գրաֆը, Գյունտեր Հերբիգը, Ռայմոնդ Լեպարդը, Յոել Լևին, Վլադիմիր Յուրովսկին, Էդուարդո Մատան, Ժերար Շվարցը, Սեմյոն Բիչկովը և Մաքսիմ Շոստակովիչը Էդելմանը շատ ժամանակ է հատկացնում ուսուցմանը:
1996-2001թթ. նա Նյու Յորքի համալսարանում դաշնամուրի պրոֆեսոր է եղել, իսկ 2002-2009 թվականներին Ճապոնիայի Մուսաշինոյի երաժշտական ակադեմիայում եղել է դաշնամուրի պրոֆեսոր: 2010 թվականին Էդելմանը արժանացել է Լվովի երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման: 2015 թ. Էդելմանը դարձել է դաշնամուրի պրոֆեսոր Բելգիայի Անտվերպենի թագավորական կոնսերվատորիայում:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):