«Բատկան» մտածում է
Аналитика«Բարեկամություն» նավթատարի սկանդալը սրել է Ռուսաստանի ու Բելառուսի միջև ճգնաժամը: Խոսքը շատ ավելիի մասին է, քան փողն է: Վեճի ելքից կախված է երկու ավտոկրատների ապագան: Նավթատարի շնորհիվ Ռուսաստանը «յուղում էր» հարևան պետության հետ հարաբերությունները էժան նավթի ու փողի օգնությամբ: Նավթատարը կարևոր է և Ռուսաստանի համար: Նավթատարով ԵՄ է հոսում ռուսական նավթի մեծ մասը: Այդ բարեկամական ծառայությյան համար Բելառուսը տարանցման վճար է ստանում: Քանի որ որոշ ժամանակ խողովակաշարով ոչինչ չէր հոսում, Մինսկը բավականին մեծ գումարներ կորցրեց: Ռուսական նավթային միլիարդների շուրջ մի քանի տասնամյակ ձգվող վեճն արդեն ծես է երկու երկրների համար: Բայց 2018-ի վերջին վեճը նոր մակարդակի հասավ՝ Լուկաշենկոն զգուշացրեց Պուտինին, որ ՌԴ-ն կարող է կորցնել իր միակ դաշնակցին արևմտյան սահմանի վրա, եթե ընդհանուր հայտարարի չգան: Լուկաշենկոյի համար լուծումը վնասի փոխհատուցումն է, որ հասցնելու է Բելառուսին Ռուսաստանի նավթային ոլորտու հարկային բարեփոխումը:
Կրեմլը նավթի հաղթաթուղթն օգտագործում է՝ Բելառուսն ավելի ամուր իրենց հանգուցելու համար: Միայն առաջին հայացքից է խոսքը գումարի մասին: Մոսկվան ցանկանում է Մինսկին պարտադրել համատեղ արտաքին քաղաքականություն և խաղում է միություն ստեղծելու գաղափարով: Կրեմլի ստրատեգները միության մեջ են տեսնում լուծումը, որով Պուտինը կարող է մնալ իշխանություն՝ Սահմանադրությունը չխախտելով: Լուկաշենկոն անհանգստանում է իրադարձությունների այդ զարգացումից՝ Ռուսաստանի հետ միավորումը վերջ կդնի նրա նախագահությանը: Բելառուսի նախագահը չի ծրագրում առանց դիմադրության հաշտվել ճակատագրի հետ: Վերջին երկու տասնամյակներում նա ապացուցել է, որ ուզում է ինքնուրույն լինել: Նրան հաջողվել է արգելափակել միության ստեղծման քայլերը: Բելառուսի կառավարությունը շատ անկեղծ ցույց է տալիս Մոսկվային, որ կարող է համագործակցել և այլ գործընկերների հետ: Լուկաշենկոն հրաժարվեց ճանաչել Ղրիմի անեքսիան և լավ հարաբերություններ է պահպանում Ուկրաիայի հետ: Մինսկը ցուցադրաբար փորձում է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի ու Չինաստանի հետ: Կաշխատի՞ Լուկաշենկոյի մարտավարությունը: Դա հիմնականում կախված է՝ կկարողանա՞ նա բարեփոխումներ անել իր հնացած տնտեսության մեջ: Բելառուսը միայն մանրիկ քայերով է ազատվել սովետական համակարգից ու սնվում է ռուսական լրավճարներով:
Բանակցությունների իր մարտավարությամբ Լուկաշենկոն փորձում է ժամանակ գնել, որ վերափոխի տնտեսությունը: Լուկաշենկոն ակնթարթային հաջողության կարիք չունի: Նա գոհ կլինի, եթե կարողանա բավականաչափ վախեցնել Ռուսաստանին: Այնուհանդերձ, նա հավանաբար ստիպված է լինելու ենթարկվել Մոսկվայի կամքին, քանի որ մեծ հարևանը պարզապես շատ ուժեղ է: Բելառուսի նախագահի համար առավելագույն գին պոկելն է հիմա խնդիրը և ինչ-որ բան ստանալը իր ու իր ընտանիքի համար, ակնահյտ է, որ դրա ժամանակը նա ունի, քանի որ Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետն ավարտվում է 2024-ին:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահը հերքեց Բելառուսի հետ միասնական պետություն ստեղծելու հեռանկարը, երբ նրան ուղղակի հարց տվեցին: Բայց դա ոչինչ չի նշանակում: Լուկաշենկոն բավարար ժամանակ ուներ տնտեսական բարեփոխումներ անելու, եթե իրոք ցանկանար: Ամբողջ խնդիրը չի պարփակվում միայն փող չլինելու մեջ: Տնտեսության ազատականացումն ու արդիականացումը ինքնաբերաբար փոխելու է հասարակության կառուցվածքն ու վերաբերմունքը իշխանության նկատմամբ, ուստի երերալու է Լուկաշենկոյի հավերժական նախագահությունը: Նա փաստացի Բելառուսի տնտեսությունը, ինչպես եղել է, թողել է ռուսական ասեղի վրա, ու իր քաղաքականությունը կառուցում է Պուտինի հետ առևտրի վրա: Ըստ անհրաժեշտության դաշնակիցներ գտնելով Ադրբեջանում ու ռևերանսներ անելով ԵՄ-ին: Բացի ամեն ինչից՝ Լուկաշենկոն շատ լավ գիտի, որ Ռուսաստանում իշխանափոխությունից հետո իր օրերը հաշված են ու նրա խնդիրը ոչ միայն իր նախագահ մնալն է, այլև՝ Պուտինին նախագահ մնալու հնարավորություն տալը: Դա եվրասիական տարածքի ոսկե կանոնն է՝ առանց միմյանց նրանց իշխանությունը փլուզվելու է:
Անդրանիկ Հարությունյան