Անհանգստացնող վիճակագրություն. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում անհանգստացնող վիճակագրություն է ներկայացրել։ Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Սա հավասար է 2010-2014 թթ.՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած:
Այս իրապես մտահոգիչ վիճակագրությունը միանգամից բացահայտում է մեր իրականության մի քանի բացասական երևույթներ, որոնց մասին եթե անգամ խոսվում է, անհրաժեշտ հետևություններ չեն արվում։
Քաղաքակիրթ աշխարհում ԶԼՄ-ներին դատի են տալիս հիմնականում անպատասխանատու վարքագծի, կեղծ տեղեկատվություն և մանիպուլ յատիվ նյութեր տարածելու համար։ Կարելի է ենթադրել, որ անցած մեկ տարում մեր մեդիա դաշտի որակն անկասելիորեն անկում է ապրել, ու շատերն են դիմում դատարան՝ իրենց իրավունքներն իրացնելու նպատակով։ Ինչքան էլ դժվար է խոստովանել, այս վարկածն ունի որոշակի հիմքեր, ու դա միայն հայկական երևույթ չէ։ Աշխարհում որակյալ լրատվությունն անկում է ապրում տպագիր մամուլի ճգնաժամին զուգահեռ։
Մյուս կողմից՝ օբյեկտիվ չի լինի, եթե ամեն ինչի մեղավոր համարենք ԶԼՄ-ներին կամ նրանց ներկայացուցիչներին։ ԶԼՄ-ները հաճախ հայելի են, որտեղ իշխանությունները կամ այլք տեսնում են իրենց ոչ այնքան բարետես դեմքը ու արդյունքում այդ դեմքի համար մեղադրում ու թիրախավորում են մեդիա սուբյեկտներին՝ հետևությունների հանգելու փոխարեն։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հեղափոխությունից հետո ԶԼՄ-ներն աննախադեպ ազատություն են ստացել։ Գրաքննություն կամ իշխանության պատվեր գուցե իսկապես չկա, սակայն ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու անուղղակի ձևեր շատ կան, որոնցից են սոցցանցերում տոտալ հարձակումներն ու պատեհ-անպատեհ նրանց դատարանի «դռները» տանելը։ Հայցերի մեծ մասը ֆինանսական փոխհատուցման բաղադրիչ ունեն ու ցանկացած ԶԼՄ դատական հայցից հետո «ինքնագրաքննվում» է՝ վախենալով ֆինանսական կորուստներ ունենալու ու փակման եզրին կանգնելու ռիսկերից։
Սակայն վերը բերված վիճակագրությունը, մեծ հաշվով, երկրում ստեղծված անտագոնիստական ռեժիմի, «բարիկադային» իրականության հետևանք է։ Երբ երկրի վարչապետը պարբերաբար մարդկանց սպառնում է «ասֆալտին պառկեցնելով» կամ «պատերին ծեփելով», ձևավորվում է կոնֆրոտացիոն միջավայր, որտեղ դժվար է ակնկալել, որ ԶԼՄ-ները պետք է մնան ակադեմիական բառապաշարի մատուցման շրջանակներում։
Երկրում քաղաքական մշակույթը ձևավորվում է առաջին հերթին իշխանության վարքագծի, քայլերի, հայտարարությունների հանրագումարում։ Հասարակությանն ու նրա ակտվ խմբերին պարտադրվում է «քաղաքական դալտոնիզմի» մշակույթը, երբ քաղաքական ուժերը, ԶԼՄ-ները պետք է «դասակարգվեն» «սևերի» կամ «սպիտակների» ճամբարում, ու այս իրավիճակում գրեթե անհնար է խոսել արդյունավետ կառավարման, ռացիոնալ քաղաքական գործունեության կամ որակյալ լրատվության մասին։
Ի վերջո, հանրահայտ ճշմարտություն է, որ բարիկադների վրա մարդիկ ոչ թե ծրագրային ու գաղափարական մրցակցության մեջ են, այլ զբաղված են միմյանց ոչնչացնելու գործողություններով, իսկ ԶԼՄ-ները, բնականաբար, այս գաղջ իրականության մի մասն են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում