Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանում է Կավարտի հանքի վերաբերյալ «Փաստի» հարցմանը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ «Փաստ» օրաթերթի ուշադրության կենտրոնում: Զրուցում ենք ինչպես ոլորտի փորձագետների հետ, այնպես էլ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանում պետական գերատեսչություններից:
Օրերս Կավարտի չշահագործվող հանքի վերաբերյալ «Փաստը» մի քանի հարցադրում էր ուղղել շրջակա միջավայրի նախարարությանը: Մասնավորապես՝ նշել էինք, որ այս հանքից թթվային դրենաժը հոսել էր քաղաքի փողոցներով, լցվել Ողջի գետը: Խնդրել էինք պարզաբանել՝ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:
Նախարարությունից տեղեկացնում են, որ Կապանում պղտոր առուները Կապանի պղնձի հանքավայրի կոնսերվացված, լքված տեղամասերի (Կենտրոնական, Բարաբաթումի) ընդերքօգտագործման թափոնների՝ հորդառատ անձրևներով լվացման հետևանք է: «2018 թվականին շրջակա միջավայրի նախարարությունը կատարել է ՀՀ տարածքում առկա լքված և տիրազուրկ համարվող ընդերքօգտագործման թափոնների տեղամասերի ուսումնասիրություն և հաշվառում, առանձնացվել են մի շարք տեղամասեր, որտեղ շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի, բնապահպանական միջոցառումների իրականացումը հրատապ է: Մինչև 2019 թվականի ավարտը յուրաքանչյուր տեղամասի (այդ թվում՝ Կապանի քաղաքային համայնքին հարակից հատվածներում) համար կներկայացվեն ելակետային տվյալներ՝ ընդերքաօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների շրջակա միջավայրի բնական բաղադրիչների աղտոտվածության վերաբերյալ, կսահմանվեն կատարման ենթակա միջոցառումների (այդ թվում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների) ծրագրեր», - ասված է նախարարության պատասխանի մեջ:
Հարցրել էինք՝ նախարարությունը ֆինանսական միջոցներ հատկացնո՞ւմ է խնդրի լուծման համար կամ դիմե՞լ է կառավարությանը հավել յալ հատկացումների նպատակով: Հարցի հետ կապված պատասխանում նախանշված չեն կոնկրետ թվեր, սակայն ասվում է, որ ներկայացվել են միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտեր: «Ընդերքաօգտագործման թափոնների փակված, լքված տեղամասերի և օբյեկտների գույքագրման, դրանց տարածքում շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատման, ռեկուլտիվացման միջոցառումների նախագծման աշխատանքների կատարման նպատակով 20182019 թվականներին ներկայացվել են միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտեր, որոնք դեռևս չեն հաստատվել», - փոխանցում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Բնապահպանները, փորձագիտական խմբերը հաճախ են պնդում, որ ոչ բարեխիղճ հանքարդյունաբերողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ ֆինանսական փոխհատուցում վճարեն պետությանը: Հարցին՝ Կավարտի հանքը շահագործողը ֆինանսական պատասխանատվություն կրե՞լ է, որ Կապանի փողոցներում պարբերաբար թթվային առուներ են հոսում, նախարարությունից հստակ պատասխան չեն տվել՝ շեշտադրում կատարելով լքված հանքի տարածքում թափոնների լցակույտերի վրա. «Հանքավայրը շահագործվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ (հետագայում «Դինո Գոլդ Մայնինգ Քամպանի» ՓԲԸ) կողմից՝ սկսած 1995 թվականից: 2009 թվականի մարտի 26-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամպանի» ՓԲԸ-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրամադրվել է Կապանի պղնձի հանքի հանքավայրի հրաժարման հավաստագիր, ինչը չի համաձայնեցվել շրջակա միջավայրի նախարարության հետ:
Ընկերության կողմից ընդերքաօգտագործման թափոնների լցակույտերի (արտադրական լցակույտերի) կառավարման, ռեկուլտիվացման հետ կապված աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն չկա», - ասվում է պատասխանի մեջ:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ թթվային գետակների բաղադրությունը պարզելու և ուսումնասիրություն իրականացնելու համար բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձանմուշներ է վերցրել: Արտահոսքերի փորձանմուշների բաղադրության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նախարարությունը մեզ ուղղորդել էր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որտեղից խոստացան «Փաստին» պատասխանել՝ ի՞նչ են ցույց տվել փորձանմուշների արդյունքները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում