Ո՞ւմ կզոհաբերեն Փաշինյանի սխալի դիմաց
АналитикаՀայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում: Արդեն իսկ պարզ է, որ Թեղուտի հանքի շահագործումը շարունակվելու է և այս փաստը հասցրել է առաջացնել բնապահպանների և տեղի բնակիչների զայրույթն ու բողոքը: Մյուս կողմից` դեռևս առկախված է մնում Ամուլսարի ճակատագիրը, փորձագիտական եզրակացությունը ուշանում է, սական չի բացառվում, որ Լիդիան ընկերության համար էլ որոշումը լինի դրական:
Մամուլում այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներ են եղել առ այն, որ Փաշինյանի թիմի երկու ներկայացուցիչները, այն է՝ էկոնոմիկայի նախարարը, ով ժամանակին բարձր պաշտոն է ստանձնել Վալլեքս ընկերությունում և բնապահպանության նախարարը, ով վերջին դեմքը չէր Լիդիանում՝ մեկ տարի շարունակ ակտիվ լոբբինգ են արել հանքավայրերի շահագործումը վերսկսելու ուղղությամբ: Շատ էր խոսվում անգամ այն մասին, որ բանը հասել է Ջերմուկի ավագանու վրա բացահայտ ճնշում գործադրելուն: Իհարկե, մեծ հարց է՝ արդյոք լոբբինգը արվել է ինքնակամ, թե դա պարզապես վերևից եկած հրահանգ էր: Բանն այն է, որ ի սկզբանե Փաշինյանը սխալ քաղաքականություն որդեգրեց խոշոր կապիտալի ներկայացուցիչների հետ, կամ գուցե դա բնավ էլ սխալ չէր՝ այլ որոշակի ուժերի պատվեր:
Ինչևէ, այդ սխալը անչափ թանկ նստեց Հայաստանի տնտեսության վրա, և որքան էլ որ վարչապետը ԱԺ ամբիոնից մատ թափ տար և հայտարարեր՝ դատի են տալիս թող տան, Փաշինյանը հասկանում էր հետևանքները: Բացի այդ, երկրում տնտեսության վիճակը գնալով վատանում է, սուր է աշխատատեղերը պահելու, կապիտալը երկրում պահելու խնդիրը: Մյուս կողմից Փաշինյանը իր իսկ սխալը չէր կարող ուղղել իր ձեռքերով և հենց այստեղ է, որ գործի են լծվում իր կաբինետի անդամները:
Արդյունքում կարծես թե հարցը լուծվել է, չնայած այդ դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մի խնդրի լուծումը կարող է շղթայական ռեակցիայով շատ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել: Օրինակ, հասկանալի է, որ միջպետական ճանապարհներ փակող բնապահպանները թիրախավորելու են հենց վարչապետին, իսկ ի՞նչ է անելու վարչապետը. սլաքները ուղղելու է հենց Տիգրան Խաչատրյանի և Էրիկ Գրիգորյանի դեմ, այլ կերպ ասած՝ զոհաբերելու է հենց նրանց: Եվ սա բնավ էլ առաջին դեպքը չի լինի, երբ Փաշինյանի սխալների համար պատասխան են տալու թիմակիցները…