Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին
ЭкономикаՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը համոզված է, որ եկել է պրոակտիվ սպառողների ինստիտուտ ձևավորելու ժամանակը: Այդ դեպքում արտադրողը ստիպված կլինի վերանայել իր արտադրանքի որակը: Պրոակտիվ սպառողների ինստիտուտ կարելի է ձևավորել լայն իրազեկման միջոցով, որը կօգնի սննդամթերքի գնումն ավելի գրագետ իրականացնելու համար: Իսկ եթե սպառողը ո՛չ միայն իրազեկված, այլև պահանջատեր դառնա, ավելի լավ կկողմնորոշվի, թե որ սննդամթերքն է ավելի անվտանգ իր և ընտանիքի անդամների առողջության համար:
«Այս դեպքում սպառողի ազատ ընտրության արդյունքում ազատ շուկա կձևավորվի, իսկ արտադրողը սպառողի պահանջարկը բավարարելու համար ստիպված կլինի իր արտադրանքը բաժանել որակային տարբեր սեգմենտների: Արդյունքում կձևավորվի արդար մրցակցություն տարբեր կատեգորիայի մթերքների միջև: Ամբողջ աշխարհն այսօր այս ուղղությամբ է շարժվում, բայց, ցավոք, Հայաստանյան շուկան դեռևս այս առումով չկազմակերպված վիճակում է:
Ինչ վերաբերում է եփած երշիկեղենի, նրբերշիկների և սարդելկաների տեսականիներին, ապա արտադրողները չպետք է մոռանան սպառողների շահերի պաշտպանության և տեղեկացված լինելու իրավունքի մասին: Թեև, փաստերը ցույց են տալիս, որ գրեթե ամեն օր Հայաստանում ոտնահարվում են սպառողների իրավունքները: Մասնավորապես՝ կտրատած վիճակում երշիկներ ձեռք բերելու ժամանակ, շատ հաճախ սպառողները չեն էլ իմանում, թե դրա մեջ ինչ սննդային հավելումներ կան, գուցե դրանք նաև օսլա ու այլ տարրե՞ր են պարունակում:
Խնդրահարույց է նաև բնական թաղանթով պատված սարդելկաների և նրբերշիկի որակը, քանի որ ո՛չ դրանց վրա արտադրողի անուն կա, ո՛չ էլ տեղեկատվական թերթիկներ կան սննդային հավելումների պարունակության մասին»,- ասաց Դ. Պիպոյանը:
Այս ամենը հաշվի առնելով, պարենային իրավունքի փորձագետը խորհուրդ է տալիս մսամթերք գնելուց առաջ ծանոթանալ մսամթերքի բաղադրությանը, նոր միայն գնում կատարել: Ինչ վերաբերում է իրազեկվածության բարձրացմանը, ապա այն կօգնի առաջարկվող սննդամթերքին առավել բծախնդիր մոտեցում ցուցաբերելուն և գրագետ գնում կատարելու ավանդույթ ձևավորելուն:
Ի դեպ, Պիպոյանի խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բավական արդիական է դարձել նույնանուն ապրանք արտադրող ընկերությունների կողմից օգտագործված սննդամթերքի մեջ օգտագործված հավելումների համեմատական ցուցանիշների հրապարակման և ամենաքիչ հավելումներ օգտագործած ընկերություններին խրախուսելու գործընթացը, ինչը մեզ մոտ դեռ չկա:
«Ցավոք, մեր երկրում դեռևս չի խրախուսվում նման մոտեցումը, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մարդիկ ևս հասկանան, որ այս կամ այն սննդամթերքի հետ միասին օրգանիզմ ներթափանցող քիմիական ծագում ունեցող հավելումներն ինչքան քիչ լինեն, այնքան սննդամթերքն ավելի քիչ վնաս կհասցնի օրգանիզմին: Բայց մինչև մենք ինքներս պահանջատեր չլինենք, որևէ մեկը չի շտապի հոգ տանել մեր առողջության մասին»,- ասաց Դ. Պիպոյանը:
Հիշեցնենք նաև, որ Orer.am-ը լաբորատոր փորձաքննության էր ենթարկել «Աթենք» ընկերության «Բժշկական», «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» և «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի եփած երշիկները, պարզելու համար, թե դրանց մեջ որքա՞ն է կազմում նատրիումի նիտրիտի՝ E 250-ի քանակությունը:
ՍԱՏՄ ենթակայության տակ գործող Հանրապետական անանսնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում իրականացված լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել է 37 միլիգրամ:
«Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել է 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել է 21 միլիգրամ:
Փորձաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները, որը համարվում է բավական բարձր ցուցանիշ, քանի որ մոտ է թույլատրելի շեմին և ռիսկային է առողջության համար:
Արմինե Գրիգորյան