«Կոչումների և մրցանակների նկատմամբ անտարբեր եմ. Սիսիանում, օրինակ, որևէ մեկին հետաքրքիր չէ, որ ես պետական մրցանակի դափնեկիր եմ». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Նկարիչ Աշոտ Ավագյանն ապրում է Սյունիքում, ավելի կոնկրետ՝ Սիսիանում, կտրված շատ ու շատ հարցերից, անտարբեր մրցանակների ու կոչումների նկատմամբ: Երբ հարցնում եմ մշակութային ներկայիս կյանքի մասին կարծիքը, նկարիչն ասում է՝ պատկերացրու՝ սարի վրա ես, համացանցով նյութեր ես կարդում, որտեղ բոլորն իրար գովում են: «Ես, որպես այդպիսին, մշակութային կյանքով չեմ ապրում, հեռու եմ դրանից, դրա համար դրական կամ բացասական գնահատական տալը կարող է շատ սուբյեկտիվ լինել: Կարող եմ այլ հարցի մասին խոսել: Որպես այդպիսին՝ մեզ մոտ չկայացավ մենեջերության ինստիտուտը:
Մեր ասպարեզում հատկապես այդ հարցը լուծում չգտավ, որ նկարիչը չզբաղվի իր նկարների վաճառքով, գաղափարների ներկայացմամբ: Պատկերացնո՞ւմ եք՝ ես, օրինակ, Սիսիանից ինչոր մեկին հանդիպելու համար պետք է 200 կմ ճանապարհ անցնեմ, գամ Երևան: Մինչդեռ ինչ լավ կլիներ, եթե լինեին մարդիկ, որոնք կզբաղվեին նկարիչների ցուցահանդեսներով, նկարների վաճառքով:
Ամբողջ աշխարհում տարածված է, որ մարդիկ իրենք են գտնում ստեղծագործողներին, զբաղվում նրանց աշխատանքների վաճառքով, գումար վաստակում, և՛ ստեղծագործողին են հարստացնում, և՛ իրենք են հարստանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը:
Նա նշում է, որ ստեղծագործողներին ավելի ճանաչելի դարձնելու, ժամանակակից արվեստի տարածման հարցերով մշակույթի նախարարությունը չէ, որ պետք է զբաղվի: «Նախարարությունը պետք է զբաղվի օրենքների ընդունմամբ, այնպիսի դաշտ ստեղծի, որտեղ աշխատելը հարմար կլինի: Այն չպետք է նաև պատվեր տա, ուղղորդի, որովհետև կա մտավախություն, որ դա կարող է հանգեցնել գրաքննության, ինչը տեսել ենք ԽՍՀՄ տարիներին: Այն ժամանակ քեզ գումարը տալիս էին, ասում էին Լենինին նկարի: Դու նկարում էիր պատվիրած նկարը, վերջացնում, հետո զբաղվում քո անհատական աշխատանքներով: Բայց չէի ուզենա, որ հիմա էլ նույնը լիներ», - նշում է մեր զրուցակիցը:
Ավագյանը կարծում է, որ արվեստագետի համար խոչընդոտներ, արգելքներ չկան: «Հասարակությանը թվում է, որ արվեստագետ լինելը հաճույքի պես մի բան է, բայց սա տաժանակիր, բանվորի աշխատանք է, և եթե դու ընդունում ես, որ տաժանակիր աշխատանք կատարող ես, ապա խոչընդոտների մասին հարցը դուրս է մնում: Դու անում ես այն, ինչ կարող ես, և անում ես այնքանով, որքանով ընդունակ ես», - կարծում է նկարիչը:
Նա ասում է, որ պետությունը չպետք է նստի ու արվեստագետի մասին մտածի, դա սխալ է: «Մշակույթ ասվածը շատ մեծ հասկացություն է: Արվեստագետները մշակույթի ինչ-որ մասն են, շատ փոքր մասը: Պետությունը չպետք է նստի ու արվեստագետի մասին մտածի, սա սխալ է, պետությունն ավելի լուրջ գործառույթներ ունի:
Պետությունը մշակույթ ձևավորելու խնդիր ունի: Արվեստագետը, այս դեպքում՝ նկարիչը, այնքան լավը պետք է լինի, որ իրենից գնեն նկարները, անգամ՝ պետությունն իր հաստատությունների միջոցով:
Ի վերջո, մշակութային քաղաքականությունը և արվեստագետին փող տալը տարբեր բաներ են: Պետությունը պետք է օրենսդրական և խրախուսման միջավայր ստեղծի: Պետությունից ինչ-որ բան ուզելը սխալ է, բոլորը դրանով են զբաղված: Պետությունն ո՞ւմ և ի՞նչ տա», - ընդգծում է նկարիչը:
Անդրադառնում ենք նաև կոչումներին, պետական մրցանակներին: Հարցնում եմ՝ ստեղծագործողի համար դրանք կարևո՞ր են: «Կոչումները Խորհրդային Միությունից մնացած ժառանգություն են: Դրա մեջ ինչ-որ սխալ բան կար, մարդկանց տարաբաժանելու խնդիր կար:
Պատկերացնո՞ւմ ես՝ Պիկասոն ժողովրդական նկարիչ չէ, խայտառակություն է (ծիծաղում է- խմբ.): 1988 թվականից հետո մի տեսակ այս կոչումներն արժեզրկվել են: Վերջին շրջանում կոչումներ տալու հարցում տեսնում էի, որ կողմնապահություն կա, մեկին տալիս էին, մյուսին՝ ոչ:
Իսկ մրցանակների նկատմամբ անտարբեր եմ:
Տալիս են մրցանակ, լավ են անում, չեն տալիս, ավելի լավ են անում, իրենց խնդիրն է: Երևանում չգիտեմ՝ ինչպիսին է վերաբերմունքը ժողովրդական և վաստակավոր արտիստների, պետական մրցանակակիրների նկատմամբ, բայց Սիսիանում, օրինակ, որևէ մեկին հետաքրքիր չէ, որ ես պետական մրցանակի դափնեկիր եմ: Մարդիկ ինձ շարունակում են ընկալել որպես մարդ և նկարիչ, որն ապրում է իրենց կողքին», - եզրափակում է նկարիչ Աշոտ Ավագյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում