«Շատ բան չեմ ուզում ասել, որ խնդիրներ չստեղծեմ մեր բանակցողների համար». փոխնախարարը՝ Լարսի անցակետի խնդիրների մասին
ЭкономикаՕպերատիվ կապի օղակ կա հաստատված Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ Լարսի մաքսակետի միջեւ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Նրա խոսքով, եթե հայ տնտեսվարողների մոտ որեւէ խնդիր է առաջանում, իրենք դրա մասին շատ արագ իմանում են, եւ խնդիրները հիմնականում 1-2 օրում լուծվում է:
«Լարսի հետ կապված հարցերը միայն մեր խնդիրը չէ, դա այդ լոգիստիկ հանգույցն օգտագործող երկրների եւ այդ երկրների տնտեսվարողների խնդիրն է, մենք ակտիվ աշխատում ենք Վրաստանի մեր գործընկերների հետ, որ երկարաժամկետ ու համապարփակ լուծում գտնենք: Տարբեր տարբերակներ են դիտարկվում, սկսած ենթակառուցվածքների բարելավումից, վերջացրած այլ լուծումներով»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավոր չէ՞ վրացի եւ ռուս գործընկերների հետ գալ պայմանավորվածության, որ գոնե այս ակտիվ ամիսներին ավելի երկար աշխատեն, փոխնախարարն արձագանքեց. «Քննարկումներն ընթացքի մեջ են, հիմա շատ բան չեմ ուզում ասել, որ խնդիրներ չստեղծեմ մեր բանակցողների համար»:
Նշենք, որ այսօր Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ: