Մինչև հարցն ուսումնասիրվի, ընկերությունները կկանգնեն փակման վտանգի առջև
АналитикаԱնզեն աչքով էլ երևում է, թե որ գերատեսչությունն ինչ տեմպով է փորձում առաջ շարժվել: Ու եթե մեկը օր-օրի ոլորտը մղում է դեպի զարգացում, ապա կան նախարարություններ, որոնք ոչ միայն տեղում դոփում են, այլև հին տեմպերից է՛լ ավելի դանդաղ են առաջ շարժվում: Օրինակ, եթե Առողջապահության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները արագորեն առաջ են շարժվում, ապա Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությունները կարծես որդեգրել են ոլորտը յոլա տանելու և օրը մթնեցնելու տարբերակը:
Երբ երկիրը ոտքից գլուխ թաղված է խնդիրների, հոգսերի մեջ և օր առաջ պետք է ազատվել տարիների ընթացքում կուտակված հարցերից, այս գերատեսչություններն, այնուամենայնիվ, նախընտրում են փոքր ու անիմաստ քայլերով առաջ շարժվել, անտեսելով երկիրն արագ տեմպերով առաջ տանելու հրամայականը:
Օրերս մետաղի ջարդոն հավաքող ընկերությունները, որոնք իշխանափոխությունից հետո են ձևավորվել, ահազանգ հնչեցրեցին, որ կառավարության որոշումը կարող է անգործության մատնել հազարավոր մարդկանց, իսկ նոր ձևավորված շատ ըներությունների տանել փակման:
Կազմակերպությունները ողջ հանրապետությունում թափված հին մեքենաների թափքերն ու ամենուր թափված երկաթեղենն են հավաքում, դրանից մետաղյա սալիկներ են ստանում և արտահանում: Սակայն, կառավարությունը այդ կիսաֆաբրիկատի արտահանման վրա բավական մեծ տուրքի դրույքաչափ դնելով կարգելափակի փոքր ընկերությունների աշխատանքը:
Նշենք նաև, որ դրսում թափված և աղբավայրերում կուտակված մետաղի մնացորդները, որը մի քանի տարում փտելով խառնվում է հողին, լրացուցիչ խնդիր է ստեղծում նաև բնապահպանության համար, բայց եթե որոշումն ընդունվի, վտանգ կա, որ այն հավաքելն ու վերամշակելն այլևս իմաստ չի ունենա:
ԱԺ-ում տուրքի նման բարձր դրույքաչափի հարցը քննարկելու ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանեց, որ է տոննայի համար 80 հազար դրամ արտահանման տուրք սահմանելով, կառավարությունը փաստացի ցանկանում է արգելել մետաղի ջարդոնի արտահանմանը, որպեսզի այն երկրում մնա և ծառայի տեղական արտադրության զարգացմանը:
«Մենք պետք է տարանջատված մոտեցում ցուցաբերենք, որպեսզի մեկ-մեկուկես տարի հետո չկանգնենք փաստի առաջ: Հին ավտոմեքենաների թիթեղները, որոնք աջ ու ձախ թափված են և տեղական արտադրողի համար գուցե այդքան էլ հետաքրքիր չեն, բայց եթե ընդհանուր առմամբ ցածր տուրք սահմանենք, ապա Հայաստանից կտանեն ամեն ինչ: Եվ առաջին հերթին պիտանի հումքը: Այս տեսանկյունից հարցն ավելի երկար քննարկելու կարիք ունի: Եվ որպես անհետաձգելի միջոցառում այս օրենքը բերել ենք, որպեսզի արտահանումը սահմանափակենք, բայց հետագայում կքննարկենք, թե որոնք են խելամիտ լուծումները»,- ԱԺ ամբիոնից ասաց Տ. Խաչատրյանը:
Ստացվում է, որ գերատեսչությունը սկզբում «շլակբաում է» դնում բոլորի համար, հետո դրան անդրադառնալու և այն նորից վերանայելու պայմանով: Բայց, փաստացի, դրանով իսկ ռիսկեր է ստեղծում նոր ձևավորված ընկերությունների համար:
Չի բացառվում, որ այս քայլը ընկերություններին գերատեսչությունից կախվածության մեջ պահելու ռիսկեր ևս պարունակի, դրանից բխող հեռուն տանող բոլոր հետևանքներով: Էլ չենք ասում նոր ձևավորված ընկերություններին մեկ հարվածով ոչնչացնելու ռիսկերի մասին:
Կարճ ասած՝ էկոնոմիկայի նախարարությունը նոր ձևավորված ընկերություններին օգնելու փոխարեն, հին ավանադույթներով առաջ շարժվելով փորձում է իրենից կախվածության մեջ պահել, իսկ թե դրանից քանի տնտեսվարող կտուժի, կարծես թե այդքան էլ չի հետաքրքրում հարգարժան նախարարին:
Արմինե Գրիգորյան