Հին բարքեր «նոր Հայաստանում». «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանի վերջին նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկումները բուռն ընթացան, «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը հայտարարեց, թե ընդդիմության «ախորժակը գնալով մեծանում է»։ Սա վրդովեցրեց ընդդիմադիրներին, սակայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը ոչ միայն տեղի չտվեց, այլև ասաց, թե ինքը շատ լավ գիտի՝ ով որ մարզում ինչքան է կերել։
Սա, իհարկե, մասնավոր մի էպիզոդ է, որը, սակայն, լավագույնս արտահայտում է այն մթնոլորտը, որը տիրում է իշխանության ճամբարում, երբ խոսքը վերաբերում է ընդդիմության, ընդդիմախոսների, մամուլի քննադատությանը կամ առաջարկություններին։
Որպես կանոն, իշխանությունները սկզբունքային հարցերում որևէ նախաձեռնություն իրականություն են դարձնում՝ առանց ընդդիմության ու փորձագիտական շրջանակների կարծիքները լսելու։
Մյուս դեպքերում, երբ իշխանությունը համեմատաբար բաց է աշխատում, ասենք՝ հրապարակայնացնելով որևէ նախագիծ, քննարկումները դառնում են անիմաստ։ Երբ որևէ մեկը հանդգնում է չհամաձայնել իշխանության տեսակետի հետ, անմիջապես արժանանում է պիտակների, որակումների, մեկեն դառնում է «քոչարյանական» կամ «հանրապետական», մի խոսքով՝ «հակահեղափոխական»։ Նման իրավիճակում որևէ բանական մարդ ձեռնպահ է մնում դիսկուրսի մասնակցելուց։
Եթե դու ոչ միայն պիտակավորվելու ես, այլ նաև քո ներկայացրած առաջարկությունը անտեսվելու է խորհրդարանական մեծամասնության կողմից, ապա տեսակետ արտահայտելը դառնում է ձևական։
Ֆորմալիստական դեմոկրատիան իրական դեմոկրատիայի հետ որևէ աղերս չունի՝ հենց այն պատճառով, որ պահպանվում են ընդամենը ժողովրդավարության որոշ ընթացակարգեր՝ առանց բովանդակության։
Մյուս կողմից՝ շարունակում է գործել անցած տարիների մեկ այլ արատավոր ավանդույթ ևս։ Հանրապետական մեծամասնությունը հաճախ մերժում էր ընդդիմության ռացիոնալ առաջարկությունները, որովհետև ապավինում էր մեխանիկական մեծամասնությանը, այլ խոսքով՝ «կոճակ սեղմելու» ինստիտուտին։
Սրա պատճառով՝ քաղաքական ու հանրային համախոհությունը չէր պահպանվում մի շարք օրենքների ընդունման ժամանակ։
«Մենք ճիշտ ենք, որովհետև շատ ենք» արատավոր բանաձևը պահպանվում է նաև այսօր, երբ համախոհության սկզբունքն անտեսվում է գրեթե միշտ։ Օրինակ՝ հարկային օրենսդրությունը ցանկացած երկրի համար կենսական նշանակություն ունի, ու ցանկալի է համախոհության սկզբունքի լայն կիրառումը, որպեսզի հարկային վարչարարությունը քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությամբ պերմանենտ փոփոխությունների չենթարկվի։ Նույնը վերաբերում է վեթթինգի ու անցումային արդարադատության գործիքակազմի ներդրմանը։
Եթե այս հարցերում խորհրդարանական մեծամասնությունը տուրք տա «կոճակ սեղմելու» գայթակղությանը ու չփորձի լայն կոնսենսուսի գալ ընդդիմության հետ, ապա դատական ռեֆորմի գործընթացում սուբյեկտիվ մոտեցումները, քաղաքական բաղադրիչը շատ մեծ են լինելու, ինչի հետևանքով մենք երբևէ չենք ունենա որոշումներ, որոնք վստահության կարժանանան քաղաքական համակարգի ու հասարակության կողմից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում