Ինչո՞ւ է աղմկում Զարուհի Փոստանջյանը
АналитикаԻ սկզբանե պարզ էր, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի քաղաքական կարիերան չի կարող երկար շարունակվել: Նա այն խարիզմատիկ կերպարը չէ, որի հետևից կարող են լայն մասսաները գնալ ու նրան դարձնել քաղաքական դեմք: Բայց, պարզվում է, որ նա չի ուզում եղածի հետ հաշտվել: Այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ փորձում է իր մասին հիշեցնել, բոլորին ցույց տալու համար, որ ինքը դեռ չի սպառվել:
Նրա կողքից գնաց նաև միակ հավատարիմ կուսակից Մարինա Խաչատրյանը, ով նունպես հասկացավ, որ Փոստանջանն այն կերպարը չէ, որի վրա կարելի է հենվել: Հիմա, երբ նման մանր-մունր կուսակցությունների պահանջարկ այլևս չկա, երբ երկիրը սկսել է որոշ ուղղություններով դրական քայլերով առաջ շարժվել, երբեմնի աղմկահարույց ու բավական կոնֆլիկտային Փոստանջյանը, որոշել է մեդիայի միջոցով հասարակության ուշադրությունն իր կողմը հրավիրել, սակայն՝ ապարդյուն:
Նրա ամենամեծ բազան մեկ-երկու առանց հստակ հիմնավորման, օդում պտտվող լուրեր են և ուրիշ ոչինչ: Այսպիսին է այսօրվա որոշ կուսակցությունների ամենամեծ ու ծանրակշիռ քայլը: Մինչդեռ, սեփական ռեյտինգը չփոշիացնելու համար կարելի էր ավելի հեռատես լինել, որն արդեն այլ խոսակցության թեմա է:
Հիմա հասարակության հիշողությունից չփոշիանալու համար իրենց ըննդիմադիր հռչակածները սկսել են բոլորին քննադատել: Եվ ամենևին էլ կապ չունի, թե այն հիմնավո՞ր է, թե՞ պարզապես օրվա սրտի հովանք, բայց որ անպտուղ քննադատությունը դարձել է սեփական աչքում կայանալու միջոց՝ միանշանակ է: Բայց, ինչպես հայտնի է, պոկերում օգտագործված խաղաքարտերը երկրորդ անգամ չեն օգտագործվում:
Եվ որքան էլ ցավոտ լինի, իշխանափոխության ժամանակ քննությունից կտրված քաղաքական գործիչները դժվար թե կրկին կարողանան իրենց կարևորությունը լավ գնով վաճառել այս կամ այն անցորդին: Այնպես, որ լավ կլինի, որ քաղաքական անկանխատեսելի վարքագիծ դրսևորած գործիչները մի քիչ դադար տան, ոչ թե անվերջ հիշեցնեն իրենց քաղաքական ֆիասկոների մասին:
Արմինե Գրիգորյան