Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն
СпортԲռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերում։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը Հովհաննիսյանը մենամարտեց Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովիի հետ։ Մեր բռնցքամարտիկը 4-1 հաշվով հաղթանակ տոնեց՝ հռչակվելով Եվրոպական խաղերի չեմպիոն։
Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 5-0 հաշվով առավելության հասնելով բելառուս Եվգենի Կարմիլչուկի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Հովհաննիսյանը 4-1 հաշվով հաղթել է ռումինացի Կոսմին Գիրլեանուին, իսկ կիսաեզրափակիչում 3-2 հաշվով առավելության է հասել իռլանդացի Ռեգան Դալիի նկատմամբ։
Այսօր Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար կպայքարի նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ)։ Ավելի վաղ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։
Արթուր Հովհաննիսյանի ոսկե մեդալը Հայաստանի 7-րդ մեդալն է երկրորդ Եվրոպական խաղերում։ Ավելի վաղ 3 մեդալ նվաճել են սամբիստները, 2 մեդալ՝ բռնցքամարտիկները, 1 մեդալ էլ եղել է ըմբշամարտում։ Սամբիստներից Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, Դավիթ Գրիգորյանը՝ (82 կգ) արծաթե, իսկ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել է չեմպիոն։ Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) դարձել է Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։