Ահազանգը հնչեց, կառավարությունն անտեսում է այն. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին: Նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի հաղթահարման հարցում»:
Կառավարության մասնակցության հնարավոր ձևաչափը կարող է լինել այն, որ գործադիրը հաշվի նստի ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի այն կարծիքի հետ, թե ՍԴ յոթ դատավորների տեղերը թափուր են, ու կատարի դատավորի անդամության թեկնածուների առաջադրումներ։ Սա կլինի խիստ վիճելի նախաձեռնություն՝ իրավական տեսանկյունից, քանի որ կենթադրի, որ սահմանադրական կարգավորումների վերաբերյալ գնահատական տվել է ոչ թե ՍԴ-ն, այլ դրա ընդամենը մեկ դատավոր, իսկ կառավարությունն առաջնորդվել է այդ ցուցումով, որը սկզբունքորեն իրավական ուժ ունենալ չի կարող։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանին նման միակողմանի գործողությունների դրդում են ոչ միայն Վահե Գրիգորյանը, այլ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ։
Ի դեպ, արդեն իսկ տեսանելի է, որ եթե կառավարությունը որոշի հիմք ընդունել Գրիգորյանի պնդումները ու ՍԴ դատավորի համար առաջադրումներ անել, ապա նման մոտեցումը ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հետևանքներ է առաջացնելու։ Այս դեպքում՝ խախտվելու է քաղաքական համախոհության սկզբունքը, ինչը ևս ապալեգիտիմացնելու է գործընթացը:
Ավելորդ չէ նշել այն փաստը, որ անգամ Վահե Գրիգորյանն իր հայտնի նամակում կարևորել էր, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման ցանկացած տարբերակ պետք է ունենա քաղաքական համախոհության բաղադրիչ։ Արդեն իսկ հայտնի է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ընդունում Գրիգորյանի մեկնաբանությունները, ավելին՝ կարևորում է, որպեսզի սահմանադրական կարգավորումների շուրջ գնահատական հնչեցնի ՍԴն։
Սակայն նախօրեին շատ ավելի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ու ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա հայտարարել է, որ խնդիրը քննարկել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ. «Այո, խնդիրը բավականին լուրջ է, Իրենց, ու նաև մեր մտահոգությունն այն է, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական դաշտում»: Զոհրաբյանի կարծիքով՝ ՀՀ սահմանադրական և իրավաբանական միտքը բաժանվել է երկու ճամբարի, ինչը բացարձակ անընդունելի է. «Այս հարցը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, և քանի դեռ հարցը գտնվում է քաղաքական հարթության մեջ, իսկ հարցը գտնվո՛ւմ է քաղաքական հարթության մեջ, այն չի ունենալու իրավական ճշգրիտ լուծում:
Ես չլսեցի որևէ սահմանադրագետի, որևէ իրավաբանի կարծիք, որ քաղաքականացված չլինի: Եվ, այո, Վենետիկի հանձնաժողովի նշյալ փորձագետը, որը, կարծում եմ, իրավասություն ուներ խոսել նաև Վենետիկի հանձնաժողովի անունից, ուներ մտավախություն, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ»:
Այսպիսով՝ ստացվում է, որ Վենետիկի հանձնաժողովը հասկացնում է, որ Հայաստանի կառավարության միակողմանի նախաձեռնությունները կամ նրա կողմից սահմանադրական կարգավորումների մեկնաբանությունները կարող են լեգիտիմ չհամարվել։ Այս պարագայում՝ ՍԴ ներկա կազմի շուրջ տարընթերցումները կարող են երկու լուծում ունենալ
Առաջին լուծումն ամրագրված է գործող Սահմանադրության մեջ, երբ Հիմնական օրենքի դրույթների մեկնաբանության բացառիկ իրավունքը պատկանում է ՍԴ-ին, որի հավաքական կարծիքը փաստորեն պետք է իմպերատիվ լինի իշխանության մյուս ճյուղերի համար։ Մյուս տարբերակն այն է, որ ՍԴ խնդիրն իշխանությունները լուծեն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Սակայն սա էլ վիճահարույց տարբերակ է՝ քաղաքական տեսանկյունից, որովհետև գործընթացն իր մեջ ռիսկայնության էլեմենտներ է պարունակում, ինչի հետևանքով առնվազն մի տևական շրջան կարելի է մոռանալ ներդրումների ու տնտեսական հեղափոխության մասին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում