Սևանը աչքներիս առջև մեռնում է, իսկ իշխանությունները շարունակում են լռել
АналитикаԿապոտաչյա Սևանը կանաչել է: Մասնագետների դիտարկմամբ դա նշանակում է, որ այդ տարածքում էկոլոգիան խախտվել է, ջրի ջերմաստիճանը բարձրացել է, ձկան պաշարները նվազել են, որի պատճառով լճում ավելացել են ջրիմուռների քանակը: Ինչքան ջերմաստիճանը բարձրանա, այնքան Սևանը կկանաչի, սա էլ նշանակում է, որ լիճը հիվանդ է, իսկ ջուրը՝ վտանգավոր: Վերջին օրերին արձանագրված իրավիճակով պայմանավորված առողջապահության նախարարությունը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել: Եվ հասկանալի չէ, թե կարելի՞ է այս վիճակում Սևանա լճում լողալ, թե՞ ոչ: Անցյալ տարի վիճակն այս աստիճան կատաստրոֆիկ չէր, սակայն հայտարարություն տարածվեց՝ ծաղկած հատվածներում չլողալու մասին: Իսկ երբ այսօր Սևանը գրեթե ամբողջությամբ ծաղկել է և գնալով վիճակն ավելի է սրվում տպավորությունն այնպիսին է, որ այս հարցն իշխանություններին այնքան էլ չի հետաքրքրում:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն օրեր առաջ հայտարարեց, որ Սևանն այս տարի էլ կկանաչի, բայց թե ինչ պետք է անել, լիճը փրկելու համար ստույգ ոչինչ չասաց: Orer.am-ի տեղեկություններով վաղը հարցը շուրջ քննարկվելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, «SOS Սևան» նախաձեռնության անդամների կողմից: Նրանք պատրաստվելու են նաև հետագա քայլերը մշակել և իշխանություններին ստիպել, որպեսզի նման կերպ անտարբեր վերաբերմունք չդրսևորեն Սևանի հրատապ դարձած խնդրին:
Հետաքրքիր է նաև, որ տարիներ շարունակ բնապահպանները պայքարել են Սևանա լիճը պահպանելու համար, սակայն թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները հարցը չտեսնելու են տվել և այդ մասին աշխատել են չխոսել: Մինչդեռ այս պահի դրությամբ պետք է որ ամենավերին օղակներում անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեր ու Սևանի հարցը լուրջ քննարկման ենթարկվեր, որպեսզի Սևանա լինչը աչքներիս առջև չմեռնի:
Արմինե Գրիգորյան