«Գլխավոր դերակատարին փոխելով՝ հայեցակարգը չի փոխվելու. պետք է փոխվի գործող անձանց մոտեցումը». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» զրուցակիցն է կինոռեժիսոր Նվեր Հովհաննիսյանը:
Նյութական արժեքները գերիշխող են դարձել հոգևորի հանդեպ
Արվեստում առկա ճահճացման պատճառն աշխարհի տնտեսական զարգացվածությունն է: Թռիչքային զարգացումներ են տեղի ունենում, ու դրա շնորհիվ հնարավոր է լինում իրագործել երևակայության մեջ գտնվող գրեթե ցանկացած երևույթ: Տեխնիկական առումով ոչ մեկին ոչնչով չես կարող զարմացնել, իսկ հոգևորի տեսանկյունից արվեստում կան բաց տեղեր: Քանի որ 21-րդ դարի մարդը սպառող է, դրա պատճառով նյութական արժեքներն ավելի գերիշխող են դարձել հոգևորի հանդեպ: Մարդիկ սիրելու փոխարեն հաշվարկներ են անում, հաջող կամ իդեալական տարբերակներ են փնտրում, չեն սիրում զիջել կամ ներել, չեն փորձում տալ, այլ վազում են պատրաստի ամեն ինչի հետևից ու փչացնում այն՝ իրենց մսխիչ հատկությամբ։
Եթե համեմատենք նախկին ժամանակաշրջանների հետ՝ կարող ենք ասել, որ այն ժամանակ գուցե կային նույն քանակով ստեղծագործողներ, ինչ հիմա, սակայն բացակայում էին կապի, կոմունիկացիոն համակարգերը: Կար թերթ, որի էջերում ամեն մեկը հնարավորություն չուներ հայտնվելու, ուշադրության կենտրոնում լինելու: 18-19-րդ դարերում կային դեմքեր, որոնք արդարացիորեն կարողացան դառնալ դասականներ:
Այսօր ուշադրություն կարողանում են գրավել բազմաթիվ մարդիկ, նրանք հրապարակային գործունեությամբ են զբաղվում, բայց մեր ժամանակաշրջանում տպավորելը, զարմացնելը բարդ է։ Պատմության մեջ մնալը տասնապատիկ ջանք է պահանջում, քան նախորդ ժամանակաշրջանում: Ստացվում է, որ մի կողմից տեխնիկապես զարգացումն օգուտ է, մյուս կողմից էլ՝ այն շատերին է հնարավորություն տալիս «զարմացնելու» հանրությանը:
Գիրքը պարտադիր պետք է լիներ յուրաքանչյուրի տանը
Հեռուստատեսությունը պետք է զբաղվի կրթական գործառույթով, բայց չի անում: Կա ճաշակի հարց: Այս ժամանակաշրջանում հեռուստատեսությունը հենվում է պոպուլյար արտադրանքի վրա, որը մատչելի է, ավելի շատ հանդիսատես է գրավում: Ցավոք, այսօր մեծամասամբ ունենք հանդիսատես, որը, կարծես թե, այնքան էլ զարգացած չէ:
Բայց միշտ չէ այսպես եղել: Երբ ուսումնասիրում եմ խորհրդային շրջանում հայ հասարակության ներգրավվածությունն արվեստում, մշակութային կյանքում, հասկանում եմ, որ հանդիսատեսը բարձր մակարդակ է ունեցել: Դա գալիս էր կրթությունից: Հիշո՞ւմ եք՝ ամեն մեկն իր տանը պարտադիր գրադարան ուներ: Գիրքը, որպես երևույթ, արժեք, պարտադիր պետք է լիներ յուրաքանչյուրի տանը: Հիմա, ցավոք, այդ կրթական մակարդակը չունենք, դա մեր մեղավորությունը չէ: Ժամանակաշրջանն էր այդպիսին՝ պատերազմ, սոցիալական ծանր վիճակ, մարդիկ լրիվ այլ ուղղությամբ էին մտածում, կրթական գործոնը հետին պլան էր մղված:
Ինչպես կոշկակարն ու հացթուխն են վարձատրվում, այնպես էլ արվեստի ոլորտում ստեղծագործողները պետք է վարձատրվեն
Իմ դիպլոմային աշխատանքը՝ կարճամետրաժ «Անտառապահը» ֆիլմը, արդեն ունի բազմաթիվ մրցանակներ, ցանկանում էի ցուցադրել տարբեր հեռուստաալիքներով, սակայն ինձ չէին ցանկանում վճարել դրա համար:
Բայց չէ՞ որ ես պետք է ստանամ թեկուզ սիմվոլիկ գումար, որպեսզի որպես մասնագետ ինձ նաև այդ առումով բավարարված զգամ: Ինչպես կոշկակարն ու հացթուխն են վարձատրվում, այնպես էլ արվեստի ոլորտում ստեղծագործողները պետք է վարձատրվեն: Հեռուստաընկերություններից մեկն ինձ ասաց՝ 5-ից 25 հազար դրամ կտանք, «Հայֆիլմի» կինոնկարներից կցուցադրենք, փոխանակ ձեր ֆիլմի համար գումար վճարելու: Այսինքն՝ եթե ինչ-որ մեկն ունի լավ ֆիլմ, արտադրանք, ցանկանում է ցուցադրել այն, հեռուստատեսությունը նրան գումար չի վճարում:
Ունենք մի քանի գերխնդիր, որոնք կապված չեն ազգի զարգացման հետ
Խորհրդային ժամանակաշրջանում կար գաղափարախոսություն: Չեմ ասում՝ գնանք կոմունիզմի գաղափարախոսության հետևից: Բայց այդ ժամանակ մարդկանց համար, կրեր դա ձևական, թե իրական բնույթ, կար գաղափարախոսություն: Այսօր չունենք գերնպատակ պատմության մեջ երևույթ դառնալու: Ունենք մի քանի գերխնդիր, որոնք կապված չեն ազգի զարգացման հետ: Օրինակ, արցախյան խնդիրն ազգի ոգին, հաղթանակը պահպանելու խնդիր է, բայց դա ազգի կամ մարդու զարգացման խնդիր չէ:
Գլխավոր դերակատարին փոխելով՝ հայեցակարգը չի փոխվելու
Ինձ համար շատ ցավալի է, որ մշակույթի նախարարությունը վերափոխվեց: Սա էլ է մոտեցում արվեստի հանդեպ: Այնտեղ կային բազում մարդիկ, որոնք հարցերին սխալ էին վերաբերվում, մինչև օրս էլ շարունակում են նույն սխալ գործելակերպը, բայց գլխավոր դերակատարին փոխելով՝ հայեցակարգը չի փոխվելու: Համակարգում մինչև չփոխվի գործող անձանց մոտեցումը, ոչինչ չի փոխվի: Ես, օրինակ, այդ նախարարությունը պատկերացնում եմ որպես մեր հազարամյա պատմություն ունեցող մշակույթն ուսումնասիրող, դրա հանրահռչակմամբ զբաղվող կառույց: Վերջին անգամ Հայաստանում ի՞նչ պեղում է կատարվել: Երբ ասում են՝ «Սովետը վատն էր», այդ վատ «Սովետից» հետո լավ Հայաստանում, լավ Հայաստանից ի՞նչ ունենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում