Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով այրված «Գազելը» նորմալ վիճակում է եղել․ գյուղապետ
ОбществоՀուլիսի 6-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ամբողջությամբ այրված «Գազելը» նորմալ վիճակում է եղել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը: «Գազելի» վարորդը նույն գյուղի բնակիչ, 1962 թվականին ծնված Վաչագան Ասլանյանն է եղել:
Վթարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա բախվել են «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետեւանքով ստացած այրվածքներից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել են: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Մահացածներից մեկը «Գազել»-ի վարորդն է՝ արական սեռի, մնացած 5-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ասլանյանը 2 չափահաս երեխա ուներ՝ աղջիկ եւ տղա: Գյուղապետի խոսքով՝ Ասլանյանի ընտանիքը ֆինանսապես լավ վիճակում չէր ապրում: Ասլանյանի որդին սովորում է, նպատակ ունի դառնալ ավտոմեքենաների մեխանիկ, իսկ աղջիկն ու կինը չեն աշխատում, դուստրը քոլեջում է սովորում:
«Գազել»-ի հրդեհից մահացած երկու անձինք տատ ու թոռ էին՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակչուհիներ՝ 1965 թվականին ծնված Անահիտ Բաբայանը եւ 2003 թվականին ծնված Գայանե Բադալյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանն ասաց, որ ընտանիքն ապրել է ֆինանսական նորմալ պայմաններում. «Նորմալ եկամուտներով աշխատում եւ ապրում էին: Գյուղատնտեսությամբ էին զբաղվում, հիմնականում թռչնաբուծությամբ»,- ասաց Զեյնալյանը:
Մահացածներից երկուսն էլ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհիներ են՝ 1996 թվականին ծնված Ժենյա Ղուկասյանը եւ 1999 թվականին ծնված Աստղիկ Ավետիսյանը: Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը մեր զրույցում ասաց, որ Ժենյա Ղուկասյանը մոտ մեկ տարի առաջ էր ամուսնացել եւ ամուսնու հետ էր ճանապարհին (ամուսինը տուժածներից է): Նրանք երեխա չունեին:
Լուսանկարում ձախից՝ ողբերգական պատահարից մահացած Ժենյա Ղուկասյանն է, աջից նրա ամուսինը՝ Գագիկ Ղուկասյանը, որը ծանր վիճակում գտնվում է հիվանդանցում

Կարապետյանը նշեց, որ Աստղիկ Ավետիսյանը Արարատ քաղաքի քոլեջում էր սովորում, ամուսնացած չէր, ծնողներ ուներ, եղբայրներ եւ քույր: «Նրանց ֆինանսական վիճակը նույնպես լավ չէր»,- ասաց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):