Սահմանադրության օրվանից՝ անօրակարգ այց
АналитикаՀՀ-ն ապրում է բավականին հետաքրքիր, ինտրիգային և բավականին տուրբուլենտ շրջափուլ, որտեղ յուրաքանչյուր իրադարձություն դառնում է հանրային լայն դիսկուրսի առարկա, երբ ամեն մի մանրունք արժանանում է իշխանությունների բուռն արձագանքին՝ հակահեղափոխականության թնջուկի կասկածի մոլուցքով։
Օրերս՝ հուլիսի 5-6-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Վիտենամում և Սինգապուրում։ Այսինքն ստացվեց այնպես, որ վարչապետը Սահմանադրության օրը երկրում չէր։ Մի հետաքրքրիր տենդենց ենք նկատում, ըստ որի՝ տարեցտարի Սահմանադրության բախտն ուղղակի չի բերում, քանի որ մշտապես սահմանադրական հանրաքվեներին ուղեկցում էր ոչ լեգիտիմության ստվերը, որ իրականում Սահմանադրության հետ կապ չուներ, քանի որ այն իշխանության ստվերն էր: Փաստացի՝ քաղաքականությունը մշտապես հաղթում էր իրավագիտակցությանը և ձևակերպում ու վերաձևակերպում իրեն ձեռնտու Հիմնական օրենք, ու այդպես մեր Սահմանադրությունը դարձավ ՀՀ երրորդ հանրապետության հիվանդ երեխան: Այնքան հիվանդ, որ 1995-ից առ այսօր Սահմանադրության օրը, չնայած ամրագրված պաշտոնապես տոն է, ոչ մի անգամ պետականորեն իբրև տոն չի նշվել: Այս տարի ևս կուրյոզ իրավիճակ ունեցանք․ վարչապետը թռավ Վիետնամ, ԱԺ նախագահը Կիպրոս, իսկ նախագահն իր հերթին մեկնել էր Սյունիք, ինչ-որ անհասկանալի փառատոնի մասնակցելու համար: Մայրաքաղաքում Սահմանադրության օրը պետության առաջին դեմքերից ոչ ոք չկար:
Որպես կանոն երկրի ղեկավարների այցերը պլանավորված են լինում շաբաթներ, անգամ ամիսներ առաջ, և ամեն ինչ ընթանում է ըստ արարողակարգի բոլոր նորմերին համապատասխան։ Սակայն Փաշինյանի այս այցի հետ կապված բավականին ինտրիգային տեղեկություններ են շրջանառվում, ըստ որի՝ այցը կազմակերպվել է բավականին հապշտապ ու համպատրաստից: Բանն այն, որ դեռևս մայիսի 24-ից ՀՀ-ն Վիետնամում չունի դեսպան, քանի որ նախագահի հրամանով, իհարկե վարչապետի առաջարկությամբ, հետ է կանչվել Վիտնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, ով, սակայն, որքան էլ զարմանալի է, դեռևս գտնվում է Հայաստանում՝ իր հավատարմագրերը չի հանձնել Վիետնամի իշխանություններին: Այսինքն ստացվում է, որ վարչապետը մեկնում է մի երկիր, որտեղ ՀՀ դեսպանը չի հանձնել իր հավատարմագրերը՝ ՀՀ-ն փաստացի ներկա պահին չունի ներկայացուցիչ, և անհասկանալի է, թե ինչ է նշանակում նման անիմաստ ու չպլանավորած այցը: :
Կարող ենք արձանագրել մի հատկանշական փաստ․ Նիկոլ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում արտաքին քաղաքականության շոշափելի դրսևորումներով։ Նա հուլիսի 1-ի դրությամբ ընդամենը երեք պաշտոնական այց էր կատարել արտերկիր` Վրաստան, Իրան, Գերմանիա, օրերս Պաշտոնական չորրորդ այցը՝ Վիետնամն ուՍինգապուրն էր: Նախորդ երեք դեպքերում վարչապետը ձեռնունայն է վերադարձել այդ «ուղևորություններից». որևէ կոնկրետ պայմանավորածության, երկկողմ համագործակցության առարկայական ծրագրերի մասին խոսք չկա։ Ի դեպ հավելենք, որ ժամանակին պատգամավոր Փաշինյանը բազմիցս քննադատել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը և հատկապես՝ Սարգսյանի պաշտոնական այցերը արտասահմանյան երկրներ, որոնք, ըստ Փաշինյանի, «մեր երկրին որևէ գործնական օգուտ չեն բերում»: Ասել է թե, Փաշինյանը Սարգսյանին մեղադրում էր թույլ արտաքին քաղաքականություն վարելու մեջ:
Ըստ ամենայնի Փաշինյանը հերթական անգամ «թքեց» սահմանադրության վրա, կամ ուղղակի չփորձեց պաշտպանել այն, քանի որ նրա թիմակիցներից շատերը ՀՀ գործող Սահմանադրությունը համարում են «բռնաբարված»։ Ֆիքսենք մի կարևոր դետալ, հենց այդ Սահմանադրության նորմերին և տառին համաձայն էլ, նախ կազմակերպվեցին խորհրդարանական ընտրություններ, ապա Փաշինյանը ստանձնեց սուպերվարչապետի պաշտոնը։
Ամփոփելով փաստենք, որ Փաշինյանի այցը ոչ միայն համպատրաստից էր՝ այլև անօրակարգ ու անբովանդակ, քանի որ անհասկանալի է, թե ինչ են քննարկել կողմերը, և, ամենակարևորը՝ ինչ է տալու այցը ՀՀ-ին։
Անդրանիկ Հարությունյան