Քաղաքապետարանի նախագիծը խառնել է աղբի ֆլեշմոբի կազմակերպիչների պլանները
АналитикаՄինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ երևանցիները իրենց ծրագիր-առաջարկները «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակում ներկայացնելու հնարավորություն ունեն: Սա քաղաքի կառավարմանը մասնակցելու ուղիղ ժողովրդավարական քայլերից մեկն է, որը նաև կարելի է բավական համարձակ նախագիծ համարել:
Թե առաջիկա 84 օրվա ընթացքում ինչպիսի առաջարկներ կներկայացվեն, ցույց կտա ժամանակը, սակայն կազմակերպիչները նշում են, որ յուրաքանչյուր նախագծի համար տրամադրվող գումարը չպետք է գերազանցի 30 մլն դրամը: Ընդհանուր առմամբ բոլոր նախագծերի համար տրամադրվելու է 500 մլն դրամ գումար, ինչը նշանակում է, որ խոսքը մի քանիսը կյանքի կոչելու մասին է:
Բնական է, որ դրանք պետք է օգնեն երևանցիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն, բայց թե ո՞ր ուղղությամբ դեռևս պարզ չէ: Պարզ չէ նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում աղբահանության թեման մատի փաթաթան սարքողներին որքանով այս նախագիծը կշեղի իրենց բռնած ուղուց, բայց լավ կլիներ, որ նման ակցիաների կազմակերպիչներն ու ակտիվ երևանցիները աղբը քաղաքապետարանի մուտքի մոտ թափելու փոխարեն մի այնպիսի ծրագիր ներկայացնեին, որը շահեկան կլիներ բոլորի համար:
Ի դեպ, հետաքրքիր է, որ քաղաքի կառավարմանն ուղիղ մասնակցելու հայտ ներկայացրած նախագիծը, կարծես, այնքան էլ դուր չի եկել քաղաքի ներքին անդորրը խաթարողներին: Նրանք այս հարթակի մասին կարծիք չեն հայտնում, իսկ սոցիալական ցանցերում էլ քար լռություն են պահպանում: Այդ լռության պատճառը հավանաբար այն է, որ երևի նախագիծը խառնել է խժդժություններ հրահրողների պլանները:
Բայց մեկ բան հստակ է՝ եթե մարդիկ իսկապես ցավ են ապրում իրենց քաղաքի ու թաղամասի համար, ապա այս լավ լուրից պետք է ոգևորվեին, բայց ինչպես երևում է այդպես չէ: Հավանաբար նրանք էլ են անակնալի եկել հիանալի այս նախագծից, և դեռ չեն հասցրել մտածել, թե ինչպես պիտակավորեն ու նենգափոխեն շատերի կողմից հավանության արժանացած այս գաղափարը:
Եվ ինչպես դասականն է ասում՝ աղբից անընդհատ բողոքելու փոխարեն օգնեք այն մաքրել, կամ՝ բողոքելու փոխարեն փորձեք լույս վառել ձեր իսկ ճանապարհին:
Արմինե Գրիգորյան