Էլեկտրաէներգետիկ համակարգում վիճակը կայունացել է
ОбществоՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում վիճակը կայունացվել է և
հաճախականության տատանումներ այլևս չկան։
Ինչպես նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել էր, որ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ պարզ չեն՝ հավելելով, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, կատարվելու են ուսումնասիրություններ՝ վթարի պատճառները պարզելու համար: Նա վստահեցրեց, որ վթարի պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն:
Փոխնախարարը վստահեցրել էր, որ անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա: «Հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները: Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի մեկից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները, հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը կրկին սկսել է սնվել համակարգից, որևէ վտանգ չի սպառնում»,- մանրամասնել էր Վարդանյանը:
Նա հայտնել էր, որ Տավուշի և Լոռու մարզի մի մասն անջատել են Հայաստանի էներգահամակարգից և միացված են վրացական էներգահամակարգին, Վրաստանից 28 մեգավատ հոսանքի ներմուծում է առկա, մարզերի էներգամատակարարումը վերականգնված է: «28 մեգավատ Վրաստանից ներմուծում ունենք, 42 մեգավատ ունենք Իրանից: Ընդհանուր սպառումը՝ 583 մեգավատ, վերականգնված է: Օրվա այս ժամերին մեզ մոտ սպառման պահանջարկը լինում է 800-900 մեգավատ, այս պահին մոտ 600 մեգավատն ապահովվում է: Սեփական գեներացիան 506 մեգավատ է այս պահին: «Սևան-Հրազդան» կասկադը ամբողջ հնարավորությամբ այս պահին գործող ջրի քանակով մտած է համակարգում, որը ևս համակարգից անջատված էր, «Որոտան» կասկադը և փոքր հիդրոէլեկտրակայանները՝ ևս:
«Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկում և «Երևան» ՋԷԿ-ում զննության, վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում: Փոխնախարարը հայտնեց, որ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն, 5-րդ բլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել:
Հակոբ Վարդանյանը տեղեկացրել է, որ շոգետուրբինը մինչև 250-280 մեգավատ բեռ կարող է հավաքել: Այդ ժամանակ հանրապետությունում ամբողջ էներգոմատակարարումը կվերականգնվի, որևէ մեկը էլ չի զգա վթարի հետևանքները: