«Եվրոպական երկրների հետ նման համեմատությունն առնվազն ամոթ է». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Ցանկացած իշխանություն տնտեսությանն առնչվող ցուցանիշը կարող է ներկայացնել որպես իր գործունեության արդյունք: Այդ համատեքստում ցանկացած կառավարություն հակված է իր գործունեությունը ավելի դրական գույներով նկարագրել: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, որն այսկերպ է բացատրում Հայաստանի համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս ցուցանիշի վերաբերյալ իշխանության ոգևորությունը:
Նշենք, որ իշխող քաղաքական ուժն ակտիվորեն էջում տարածում էր մի ինֆոգրաֆիկա, ըստ որի՝ Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով։
«Այն, որ Հայաստանում, ի տարբերություն եվրոպական բազմաթիվ երկրների, ՀՆԱ-ի մակարդակն ավելի բարձր է, դեռևս ոչինչ չի նշանակում: Բացատրեմ՝ ինչո՞ւ: Նախ պետք է հասկանանք, թե մեր պետական վիճակագրական մարմիններն ի՞նչ մեթոդաբանությամբ են այդ մակարդակը հաշվարկում և նման եզրահանգման գալիս: Բացի այդ, անկախ մեթոդաբանությունից ու եզրահանգումից, պետք է շեշտել հետևյալը.
երբ զարգացման տեմպի առումով մենք որևէ նկատելի ու շոշափելի զարգացում ընդհանրապես չենք ունեցել, արձանագրված փոքր շարժն ու ցուցանիշը ոչինչ չեն նշանակում: Ունենալով շատ փոքր շրջանառություն՝ եվրոպական երկրների հետ նման համեմատությունն առնվազն ամոթ է:
Համեմատության եզր իրականում չկա, հատման տիրույթ գոյություն չունի: Բերենք Գերմանիայի օրինակը, որն ընդգծված և մեծ զարգացում ունեցող երկիր է:
Արդյունաբերությունը, տեխնոլոգիան և այլ ոլորտներն այնտեղ զարգացման բարձր մակարդակ ունեն:
Իրենց մոտ մի փոքր շարժն անգամ կարող է 2 տոկոս զարգացում ապահովել: Իսկ մեզ մոտ շրջանառություն չկա: Այո, այս անգամ խաղադրույքներ շատ են կատարել, ինչը միանգամից մեծ աճ է ցույց տալիս, բայց խոսքը, այսպես կոչված, աճի մասին է, ինչն իրական աճ համարել չի կարելի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանը բնակչության կյանքի բարելավման հանգամանքի մասին է ընդգծում: «Ցանկացած զարգացում բնակչությունը չափորոշում է «մեր բարեկեցությունը որքանո՞վ փոխվեց» հարցադրմամբ: Իհարկե, կարող են եռանիշ թիվ էլ ցույց տալ, ըստ որի՝ ասել նաև, թե զարգացման նման տեմպեր ունենք, բայց դա, ըստ էության, բարեկեցության վրա որևէ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չի ունենա: Քաղաքակիրթ, զարգացած ու հարուստ երկրներում, որոնք ունեն զարգացման համապատասխան տեմպեր, իրավիճակը չեն չափում ինչ-որ թվերով, տոկոսներով, այլ նրանով, թե բարեկեցության մակարդակը որքանով բարձրացավ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ անգամ ծիծաղելի է իրավիճակը վերոնշյալ ձևով ներկայացնելը: Հաշվարկումը առ ոչինչ է, երբ չկա զարգացում: Մենք ունենք տնտեսության շատ հետամնաց կառուցվածք, մենք ունենք փոքր և միջին բիզնեսի սարսափելի վիճակ:
Նաև կան հարցումներ, համաձայն որոնց՝ շատ շրջանակների ՓՄՁ անվանելը ճիշտ չէ: Դրանք բիզնես չեն, պարզապես սոցիալական դեր ունեն՝ զուտ ապրելու միջոց են: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ բարեկեցության մակարդակը թե՛ այս, թե՛ նախորդ տարի, և թե՛ 2017թ.-ին չի բարձրացել: Իսկ որպեսզի բարեկեցությունը բարձրանա, դրա համար հարկավոր է լուրջ, հետևողական, ծրագրային ու համակողմանի աշխատանք: Միայն բառերով ոչնչի հասնել հնարավոր չէ»,-նկատեց մեր զրուցակիցը:
Խոսելով նախատեսվող մի շարք փոփոխությունների մասին՝ կապված աշխատավարձերի, թոշակների և նվազագույն աշխատավարձերի բարձրացման հետ, տնտեսագետը նշեց, որ փոփոխությունները դրական են, բայց լուրջ ու շոշափելի արդյունքների համար այլ հանգամանքներ են պետք:
«Սոցիալական բնույթ կրող ամենազանազան բարձրացումները, ըստ էության, չափազանց փոքր դեր ունեն: Բոլոր դեպքերում, գների շարունակական աճի պարագայում այդ գումարները հազիվ թե կարողանան կոմպենսացիայի դեր կատարել: Որոշ դեպքերում կարող են անգամ այդ դերը չունենալ: Մեր պարագայում այդ ավելացումները դեռևս ոչինչ չեն նշանակում»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում