Թրաֆիքինգի ենթարկված աղջիկն ապահով ձեռքերում է (տեսանյութ)
TVՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկան Լուսինե Հարությունյանը հունիսին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման գյուղի բնակիչներից մեկի կողմից 2011 թվականից՝ արդեն 8 տարի:
Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու սպառնալիքով հարկադրանքով պահում է գոմում եւ առանց որեւէ վճարի աշխատեցնում:Ստրկության ճիրաններից ազատված աղջիկը պատմել է, որ տարիների ընթացքում մի քանի անգամ փորձել է փախչել, բայց տղամարդը միշտ նրան գտել է, բերել գոմ, ծեծել՝ սպառնալով, որ կրկնվելու դեպքում խեղդելով կսպանի:
Նա Շիրակից սարերով Ապարանի կողմ էր եկել ու թաքնվել հովիվներից մեկի մոտ: Հենց այստեղ էլ ոստիկանները գտել են աղջկան ու բացահայտել տեղի ունեցածը:
«Հույս եւ օգնություն» ՀԿ-ի ներկայացուցիչները աղջկան տեղափոխել են ապաստարան:
Տղամարդը նախ աշխատավարձ է խոստացել, սակայն չի վճարել, ստիպել է կատարել տարբեր աշխատանքներ: Ընթացքում եթե կենդանի է սատվել կամ վնասվել, տղամարդը մեղավոր է համարել աղջկան ու չի վճարել:
Նա օգտվել է աղջկա խոցելիությունից, քանի որ աղջիկն անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չի ունեցել:
Տղամարդը խոստացել է, որ կհանի անձնագիր եւ կօգնի գտնել մորը: Այս խոստումը, ըստ աղջկա, պատճառ է հանդիսացել, որ ինքը համաձայնել է աշխատել տղամարդու ֆերմայում:
Աղջիկը պատմել է, որ չի էլ հիշում, թե ինքը քանի տարեկան է եղել, երբ իր ազգականներից մեկն իրեն Վրաստանից բերել է Հայաստան, թողել ասյտեղ ու հեռացել: Փոքրիկ աղջիկը մենակ մնալով ապրել է սարերում, մի կտոր հացի կամ հագուստի դիմաց աշխատել տարբեր անձանց մոտ, նույնիսկ փող է վաստակել, բայց շահագործման չի ենթարկվել:
Դժոխքն սկսվել է 2011-ից: Հիմա աղջիկը մեկ նպատակ ունի՝ վերադառնալ Վրաստանում գտնել մորը: