Կառավարությանը հրամցվող թվերն ընդհանրապես կապ ունե՞ն իրականության հետ
АналитикаՀուլիսի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ միջին ցուցանիշի համեմատ 2019 թվականին 100 միլիոն խորանարդ մետրով ավելի շատ ջուր է գոլորշիացել, իսկ տեղումների քանակը 40 միլիոն խորանարդ մետրով ավելի պակաս է եղել:
«Այսինքն 140 միլիոն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է մտել, քան միջինում Սևան մտնող ջուրն է, և նույնիսկ այդ պայմաններում, այս պահին մենք ունենք 2 սանտիմետրով ավելի բարձր մակարդակ: Դա ի հաշիվ նաև Արփա-Սևանից լրացուցիչ ջրառի՝ մոտ 10 մլնից ավելի ջուր է արդեն եկել, քան անցյալ տարի այս օրն է եղել, և անցյալ տարվա այս օրվա համեմատ 36 խորանարդ մետրով Արարատյան դաշտի համար ավելի քիչ ջուր վերցվել»,- ասաց Է. Գրիգորյանը:
Իրականում, պարզվում է, որ հնչեցված 100 մլն խորանարդ մետր ջրի գոլորշիացման ցուցանիշը հաշվարկվել է որոշակի մեթոդոլագիայով: Եվ, ինչպես գիտենք, նույն երևույթի հաշվարկման համար տարբեր մեթոդոլոգիաներ կիրառելով կարելի է տարբեր ցուցանիշներ ստանալ, ինչը մեկ այլ խոսակցության թեմա է:
Ինչ վերաբերում է հնչեցված 100 մլն խորանարդ մետր թվին, ուշագրավ է նաև, որ որոշում է կայացվել 2019 թվականի միջին ցուցանիշը համեմատվել է 1961-ից մինչև 2018-ը գրանցված ցուցանիշների միջին արժեքի հետ: Անկեղծ ասած, այստեղ ևս հասկանալի չէ, թե այս տարվա ցուցանիշն ինչու չի համեմատվել նախորդ՝ 2018 և 2017 թվականների ցուցանիշների հետ, այլ որոշվել է համեմատել, ասենք, անցած 57 տարիների միջին ցուցանիշի հետ:
Ընդհանրապես, ավելի պատկերավոր թիվ ստանալու համար կարելի էր 2019 թվականի միջին ցուցանիշը համեմատել ոչ թե անցած 57 տարիների, այլ այսենք՝ նախորդ 200 տարվա արդյունքների միջինացված արժեքի հետ: Բայց թե ինչու է որոշում կայացվել միջին ցուցանիշի հաշվարկն իրականացնելու համար այդքան հեռու գնալ, պարզ չէ:
Մեկ բան հստակ է, որ ինչքան մոտ և քիչ տարիների միջին թիվ հաշվարկվեր, այնքան ավելի փոքր կլիներ այս և նախորդ տարիների համեմատական ցուցանիշների տարբերությունը: Ուստի, հավանաբար, պատկերավոր թվեր ստանալու համար է ընտվել այս տրամաբանությունը, որը ոչ միայն ոչնչով չի օգնում գործին, այլ իրականությունն ավելի է խճճում:
Զարմանալի է, որ հնչեցված այս թվի ստացման տրամաբանությունը կառավարության անդամներից որևէ մեկի մոտ որևէ հարց չառաջացրեց, ինչը ևս խոսակցության այլ ու շատ կարևոր թեմա է:
Ի դեպ, մեկ դիտարկում ևս: Ջրի գոլորշիացման չափի հաշվարկի ներկայիս և 1961 թվականների մեթոդաբանություններն իրարից տարբեր են: Այսինքն՝ այստեղ ևս բազմաթիվ հարցեր կան: Եվ հասկանալի չէ, թե ինչ-որ թիվ հաշվելու համար տարբեր մեթոդոլոգիաներով հաշվարկած թվերն ինչու են իրար խառնել և ինչու այս նրբությունները ևս հաշվի չի առնվել:
Կարճ ասած՝ թվերի հետ խաղալով և տարբեր կոմբիանացիաներ մտածելով կարելի է ցանկացած հետաքրքիր, ցնցող և ճռճռացող թիվ ստանալ: Մնում է հասկանալ, թե թղթի վրա գրվող և կառավարությանը հրամցվող թվերն ընդհանրապես ինչ կապ ունեն իրականության հետ և ինչքանով են արտացոլում իրական պատկերը:
Արմինե Գրիգորյան