Ի՞նչ անել, որ մեր վարորդների շրջանում զարգանա ոչ թե տուգանքը բողոքարկելու, այլ խախտում չանելու մշակույթը. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Սոցցանցային տիրույթում գործում են մի քանի խմբեր, որոնց անդամները վարորդներ են: Վերջիններս քննարկում են օրենսդրական փոփոխությունները, մաքսազերծման կամ տեխսպասարկման հետ կապված հարցեր, բայց հիմնական հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս բողոքարկեմ տուգանքս: Ի՞նչ անել, որ մեր վարորդների մոտ զարգանա ոչ թե տուգանքը բողոքարկելու, այլ խախտում չանելու մշակույթը:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը օրինակներ է բերում իրենց խմբից: «Խումբն ազատ հարթակ է, որտեղ թույլատրվում են թեմատիկ քննարկումներ: Երբ այսօր վարորդները գրում են՝ կարո՞ղ եմ այս տուգանքը բողոքարկել, արձագանքը հիմնականում լինում է շատ ադեկվատ: Տեսնելով կատարած խախտումը՝ գիտակից վարորդները գրում են՝ իսկ ի՞նչը բողոքարկես: Սովորաբար նույն մարդը երկրորդ անգամ նման բան չի գրում: Այդ միտումը կա և այն, իմ կարծիքով, ավելի արագ չի կարող լինել: Տեսեք, մարդկանց մի խումբը տեղադրում է ակնհայտ խախտումը և գրում՝ ինչպե՞ս բողոքարկենք:
Քիչ թվով մարդիկ գրառում են կատարում և իրենց կատարած խախտման օրինակով նախազգուշացնում մյուսներին: Բայց այս երկուսի մեջտեղում կան մի քանի ձևակերպումներ, որոնցով պետք է անցնենք: Դրանցից մեկին արդեն հասել ենք: Վարորդներն ուղղակի հարցնում են՝ սա լինո՞ւմ է բողոքարկել: Բացի դա, գրում են, որ, օրինակ` խախտում են արել, բայց կարծում են, որ այդտեղ ինչ-որ մոլորեցնող նշան է եղել»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը:
Նա նշում է, որ մյուս վարորդների արձագանքը գրառում անողի համար ուսուցանող է: «Մարդուն ցույց են տալիս, թե ինչ խախտում է արել, քննարկում է սկսվում, և որքան այն երկարում է, այնքան դրա մեջ շատ է լինում տեղեկատվությունը:
Վարորդներն այս քննարկումների արդյունքում նաև կրթվում են: Խմբում տարաբնույթ հարցերի շուրջ քննարկումները մեզ հնարավորություն են տալիս ուշադրություն դարձնել խնդիրներին և փորձել իրականացնել արդյունավետ փոփոխություններ: Մենք փորձում ենք խումբը տանել նրան, որ վարորդների մոտ կարգապահությունը լինի գերակա»,- նշում է մեր զրուցակիցը:
Ստացվում է, որ երբեմն վատ ձևակերպված հարցն իրականում կարող է մի քանի հոգու օգուտ տալ: «Կան վարորդներ, որոնք չիմացությունից են հարցը տալիս, կան վարորդներ, որոնք գիտակցաբար խախտում են կատարել և ակնկալում են, որ օգնություն կստանան, չնայած չեն ստանում: Կարող են լինել դեպքեր, երբ որևէ վարորդի անձնական օրինակը մեզ ցույց տա օրենքի բացը, կամ էլ մեր գրասենյակը մի օրենք ուսումնասիրելուց կոնկրետ գործի հիման վրա բողոքարկում կազմակերպի:
Բացի դա, բողոքարկման գործընթացն այնպիսին է, որ ոչ ոք չի ուզում երկրորդ անգամ գա տուգանք բողոքարկելու. ամեն գործը տևում է 3-4 ամիս, կապված է թղթաբանության հետ: Բացի դա, կան խախտումներ, որոնք նույն մարդու համար մեկ անգամից ավելի չենք բողոքարկվում»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Պեդանյանը հավելում է՝ շատ լավ կլիներ եթե հասնեինք նրան, որ վարորդները խմբերում տեղադրեին խախտումները և ասեին՝ մենք նման խախտում ենք կատարել, դուք մի՛ արեք: Ի վերջո, փորձի փոխանակումն ինչոր մի նպատակի հասնելու ամենաարդյունավետ ձևերից մեկն է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում