Վրաստանը սուբսիդավորում է Հայաստանով տարանցիկ չվերթները
Международные новостиeadaily.com-ը «Վրաստանը 600 հազար եվրո կհատկացնի Ռուսաստանից տարանցիկ չվերթների համար» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ վրացական հանրային հեռարձակողի հաղորդման, վրացական կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանից տարանցիկ չվերթները մինչև 600 հազար եվրոյի չափով: Կառավարության որոշման համաձայն, հարցը վերաբերում է հարևան պետության` Հայաստանի միջոցով Ռուսաստանից Թբիլիսի և Բաթումի թռիչքներին:
Հստակեցված է, որ մեկ ուղևորի հաշվով փոխհատուցվելու է ոչ ավել, քան 90 եվրո առանց ԱԱՀ-ի: Որոշման մեջ չի նշվում, թե որ ավիաընկերության հետ է նախատեսվում պայմանագիր կնքել:
Այնուամենայնիվ, ներկայումս Ռուսաստանի և Վրաստանի միջև տարանցիկ փոխադրումներ իրականացնում է միայն վրացական Georgian Airways ընկերությունը՝ Հայաստանի իր գործընկեր ավիաընկերության օգնությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թբիլիսիում արմատականների և ընդդիմության բողոքների հետևանքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով տուրօպերատորներին և զբոսաշրջային գործակալներին առաջարկվում է ձեռնպահ մնալ քաղաքացիներին այնպիսի զբոսաշրջային առաջարկ վաճառելուց, որը նախատեսում է Ռուսաստանի տարածքից քաղաքացիների տեղափոխում Վրաստան:
Բացի դա, հուլիսի 8-ից Վրաստան ուղևորափոխադրումներ իրականացնելը ժամանակավորապես արգելվել է:
Կամո Խաչիկյան