Պաշտոնյաներին` հաց, իսկ ժողովրդին` անկապ տեսարաններ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժողովրդին պետք են հաց և տեսարաններ: Սա հայտնի հին հռոմեական ասացվածք է, որը բոլոր ժամանակներում արդիական է: Երբ Հին Հռոմում հնարավոր չէր լինում ժողովրդին ապահովել հացով, ապա նրան զբաղեցնում էին բազմապիսի տեսարաններով` գլադիատորական մենամարտեր, «երրորդ աշխարհի» երկրների արքաների թագադրություններ կամ անվճար օրգիաներ: Այդ տրամաբանությամբ են, թերևս, փորձում շարժվել այսօր Հայաստանի մեծ ու փոքր պաշտոնյաները: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ Վարդավառի տոնը նախատեսվում է նշել գորգերի լվացման արարողությամբ:
Ընդ որում` գորգելի լվացման արարողությունը տեղի է ունենալու Ազգային ժողովի բակում և Բաղրամյան պողոտայում: Թե ի՞նչ կապ ունի Վարդավառի տոնը գորգեր լվալու հետ, ընդ որում՝ ԱԺ բակում, կարող են պատասխանել միայն նման «հանճարեղ» գաղափարի հեղինակները:
Միջոցառումը կսկսվի հուլիսի 28-ին, առավոտյան ժամը 10:00-ին, Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև Վարդավառի տոնը կազդարարվի ջրոցիով, բայց ոչ միայն:
Մասնավորապես, նախատեսված է, որ ԱԺ այգում ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր, կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, զրույց՝ գորգերի մասին, խաղ, իսկ երեկոյան էլ՝ համերգ:
Դժվար չէ նկատել, որ միջոցառման կազմակերպիչները հատուկ նպատակ են ունեցել, գուցե, գովազդելու հայկական գորգերը: Դրանում որևէ վատ բան չկա, սակայն ինչո՞ւ են նման գաղափարները աղավաղվում հենց սկզբնաղբյուրում, այսինքն՝ մտահղացողի հենց ուղեղում, և ինչո՞ւ են նման միջոցառման համար հատուկ պահպանվող, պետական խորհրդանիշ հանդիսացող տարածքներ տրամադրվում:
Եթե ժողովրդին հացով ապահովելու հարցում կառավարման գիտելիքներ և հմտություններ են պետք, ապա տեսարաններ մատուցելու հարցում ևս պետք է բավական ինտելեկտ և ճաշակ ունենալ:
Եթե խնդիր կա փոխկապակցված բիզնեսների առաջխաղացմանը նպաստել, ապա դա արեք ձեր անձնական միջոցներով, հարգելի՛ պատգամավորներ, այլ ոչ թե ժողովրդի հաշվին:
Եթե երկրի խորհրդարանի բակում կարելի է գորգեր լվանալ, ապա գուցե առաջիկայում Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի առջև բուրդ լվանալու միջոցառում կազմակերպվի՞: Ի՞նչ վատ գաղափար է: Հրապարակի շատրվանները լիովին հարմար են այդ արարողության համար, իսկ ներքնակներից ու վերմակներից հանված բուրդը կարելի է փռել հենց հրապարակի գորգի վրա: Շուտով մոտենում է «զակատի» սեզոնը, կարելի է Երևանի տարբեր հուշարձանների անմար կրակների վրա եփել և պահածոյացնել պտուղ-բանջարեղենը:
Կստեղծվի արևել յան համ ու հոտով մի չքնաղ կոլորիտ, որն անկասկած կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը: Այդպես կխթանվի ոչ միայն ազգային արժեքների պահպանումը, այլև զբոսաշրջությունը:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ականատես ենք դառնում պարզամիտ տոնակատարությունների, երբ չկարողանալով ընտրողին և ժողովրդին ներկայացնել ի պաշտոնե ստանձնած աշխատանքի արդյունքներ, փորձում են նման «հանճարեղ» գաղափարներով հանրությանը զվարճացնել, մոռացնել առկա խնդիրները:
Սա Մաշտոցի պողոտայում խորոված անելու մշակույթի անշեղ շարունակությունն է, սա մի մշակույթ է, որը գալիս է ոչնչացնելու իսկապես ազգային տոներն ու տոնակատարությունները, որոնք իրենց մեջ խորը բովանդակություն և արժեք են պարունակում: Բայց այստեղ էականը պետական պաշտոնյաների` իրենց տեղում լինել-չլինելու խնդիրն է:
Որքան շատ են պատգամավորները փորձում «ժողովրդահաճո» նախաձեռնություններով հանդես գալ, այնքան շատ են վարկաբեկվում նույն ժողովրդի աչքում, քանի որ այսօր մարդկանց ավելի շատ պետք է հաց, քան տեսարաններ:
Երբ «տնտեսական հեղափոխության» ու բազմաթիվ ոլորտներում բարեփոխումներ չեն կատարվում, երբ մարդկանց կյանքը «հեղափոխական» տեմպերով չի լավանում, ապա նման անճաշակ և անմիտ միջոցառումներով ժողովրդին զբաղեցնելու մոլուցքը խոսում է ոչ միայն ինտելեկտուալ կարողությունների բացակայության, այլև կատարյալ ցինիզմի մասին, որ դրսևորվում է սեփական հանրության նկատմամբ: Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, բայց այդ խնդիրը Հայաստանում ոչ միայն չի լուծվել, այլև ավելի է խորացել: Եթե պատգամավորի մտավոր մակարդակը դա է, ապա իսկապես թող գնա և գորգեր լվանալով զբաղվի, խորհրդարանը բոլորովին այլ առաքելություն ունի, իմացեք ձեր տեղը վերջապես:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում