Արծվաշենցիներն ապրում են մի օր իրենց ծննդավայր վերադառնալու ակնկալիքով
ОбществоԳեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում ապրող մոտ 1600 արծվաշենցիները կարոտով են հիշում իրենց թողած տունն ու հողը:
Լրագրողների հետ զրույցում Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը նշեց, որ հավատացած են՝ մի օր վերադառնալու են հայրենի տուն:
«Մենք՝ արծվաշենցիներս, հավատում ենք, որ անպայման վերադառնալու ենք մեր ծննդավայր, եթե ոչ մեր որդիները, ապա մեր թոռներն ու ծոռները։ Մենք միշտ տարբեր միջոցառումների կամ հավաքույթների ժամանակ կենաց ենք խմում ու ասում՝ «կհանդիպենք Արծվաշենում»,- ասաց Խեչոյանը:
Նա նշեց, որ արծվաշենցիների մոտ 70 տոկոսն այսօր հաստատվել է Ճամբարակ քաղաքում, 90-ականներին որոշում է ընդունվել պահպանել Արծվաշեն համայնքի կարգավիճակը։ «Արծվաշենցիներ ապրում են նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Աղբերք և Շորժա գյուղերում»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:
Խոսելով Արծվաշենում իրենց կորցրածի մասին՝ Խեչոյանը հիշատակեց իր հոր գերեզմանը, իրենց տունն ու հողը:
«Այս տարի լրանում է մեր գյուղի հիմնադրման 170-ամյակը, այնտեղ երեք սերնդի ունեցվածք կա, ադրբեջանիցներն էլ չեն բնակեցնում մեր գյուղը: Չնայած այս ամենին, մենք չենք ընկճվում և այստեղ բավականին լավ ապրում ենք, զբաղվում ենք անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Զինվորական համագյուղացիներ էլ ունենք»,- ասաց Մամիկոն Խեչոյանը:
Արծվաշենի բնակչությունը 1960 թվականին եղել է մոտ 6000, իսկ տեղահանման ժամանակ՝ մոտ 2800 հոգի: Այսօր Ճամբարակում ապրում է մոտ 1600 արծվաշենցի: Ադրբեջանցիներն Արծվաշենը բռնազավթել են 1992 թվականի օգոստոսի 8-ին: