Թաղման բյուրոյում հողն առանց կաշառքի են տրամադրում
АналитикаԲոլորին է հայտնի, որ դեռևս Սովետական Միության տարիներից երևանյան գերեզմանատներում հողհատկացումը կաշառքով էր իրականացվում: Եվ որքան, այսպես ասած` պրստիժնի գերեզմանատուն, այնքան ավելի մեծ գումար տրամաբանությամբ:
Ու թեև, ժողովրդի խոսքով ասած՝ թաղման բյուրոն մշտապես պետական է եղել, և հստակ սահմանաված է եղել, թե օրենքով ինչ գործառույթներ է պարտավոր իրականացնել, բայց օրենքը օրենք էր, որը մնում էր թղթի վրա, իսկ իրականությունը՝ բոլորովին այլ:
Իրականում իրականությունը որևէ աղերս չուներ գրված օրենքների հետ, քանի որ կառույցը գործում էր սեփական չգրված կանոնների համաձայն: Իրականում հանգուցյալի հարազատները ստիպված էին որոշակի գումար վճարել գերեզմանատանը հող վերցնելու համար, բայց պարզվում է, որ Երևանի նոր իշխանությունների քրտնաջան աշխատանքի և ԱԱԾ վերջին բացահայտումների շնորհիվ հնարավոր է դարձել ոլորտում առկա հին ավանդույթները վերացել:
Վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ ծառայություն» ՊՓԲԸ-ի կողմից հուղարկավորության նպատակով հողը սկսել են անվճար տրամադրել, ինչը շատերին է զարմացրել:
Orer.am-ի հետ զրույցում քաղաքացիները զարմացած պատմում էին, որ ծառայությունում սկսել են օրենքով գործել և որևէ հավելյալ գումար իրենցից չեն պահանջում:
«Բոլորն էլ գիտեն, որ գերեզմանատանը հող հատկացնելու համար թաղման բյուրոյում գումար պետք է տայինք, բայց երբ իմացա, որ այն անվճար է՝ զարմացա: Հետո ասում են՝ ոչինչ չի փոխվել, բայց ո՞նց չի փոխվել, սա ահռելի առաջընթաց է, որի մասին, չգիտես ինչու բոլորը լռում են»,- ասաց մեր զրուցակիցը:
Գրեթե նույն կարծիքի էին մյուսները, ովքեր դժվարությամբ էին հավատում իրենց աչքի տեսածին: Բայց, փաստորեն, պետք է արձանագրել որ Երևան քաղաքի նոր իշխանություններին հաջողվել է տարիներով ձգվող և գորդյան հանգույցի վերածված այս շատ կարևոր հարցին արմատական լուծում տալ:
Այսինքն՝ մայրաքաղաքի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի վիշտը մի կողմ թողել և աջուձախից գումար փնտրել, որպեսզի հանկարծ իրենց հանգուցյալը չմնա «սեղանին», և, որպեսզի կարողանան պատվով վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպել:
Արմինե Գրիգորյան