ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել «ՍԱՆԻԹԵՔ»-ի դեմ
Экономика«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեք»-ի գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին:
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:
Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», - տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: