«Սանիթեք»-ի հետ Սերժ Սարգսյանի եղբոր կապի և ընկերությանը վճարվող գումարների մասին
АналитикаՉնայած «Սանիթեք»-ի շուրջ օղակը գնալով սեղմվում է, նույնիսկ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ 22.02.2019 թ.-ին «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչ մութ և ոչ իրավաչափ գործողության մասին էին ակնարկում ընկերության ներկայացուցիչները:
Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն համառ լուրեր են պտտվում, որ այս ողջ պատմությանը փոխկապակցված անձը, որի անունը պաշտոնապես չի հայտարարվում Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն է, իսկ Տարոն Մարգարյանն այդ ողջ գործընթացները սպասարկողի դերում է եղել:
Այսինքն՝ խոսակցություններն այն մասին, որ ընկերությունները նախկին քաղաքապետինն են եղել չի համապատասխանում իրականությանը: Ուսումնասիրելով միջազգային ներդրողի անվան տակ հանդես եկող «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կենսագրությունը, պարզ է դառնում նաև, որ ընկերությունն ամենևին էլ աղբահանության և սանմաքրման ծառայություն մատուցող միջազգային փորձառու կառույց չէ, ինչպես ներկայացվում է: Այն ձևավորվել է երևանյան մրցույթին մասնակելուց առաջ և այդ նպատակով:
Ուշագրավ է, նաև, որ ընկերության ավտոպարկը տեղակայված է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորը՝ Համլետ Նիկոյանի անունով գրանցված Չարբախում գտնվող տարածքում: Այսինքն՝ այստեղ ևս ակնհայտ շահերի բախում կա, որի մասին բոլորը, և հատկապես Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, չգիտես ինչու լռում է:
Ինչ վերաբերում է երկու ընկերությամբ հանդես գալուն, ապա դրանք նույն կազմակերպություններն են, պարզապես հանդես են գալիս երկու տարբեր անուններով, որպեզի ձևական կողմը ևս պահպանվի, որպեսզի նաև իմիտացիա ստեղծվի, թե Երևանի սանմաքրումն ու աղբահանությունն իրականացվում է երկու օպերատորի միջոցով:
Իսկ շահարկվող այն թեզը, թե Երևանի քաղաքապետարանը տարեկան 5 միլիարդ 200 միլիոն դրամ է վճարում «Սանիթեք»-ին նույնիսկ չկատարած աշխատանքի համար, կրկին չի համապատասխանում իրականությանը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ այդ գումարը աղբահանության և սանմաքրման տարեկան նախատեսված վճարն է, որը սակայն վճարվում է ամսական կտրվածքով:
«5 միլիարդ 200 միլիոն դրամը պայմանագրով ամրագված տարեկան վճարն է, սակայն այն ամսական կտրվածքով է փոխանցվում: Ամեն ամիս գնահատվում է կատարված աշխատանքը և դրա համապատասխան էլ վճարում է իրականացվում, իսկ չկատարած աշխատանքի համար կիրառվում են տույժեր և պահումներ:
Այսինքն՝ ամենևին էլ պարտադիր չէ, որ փաստացի վճարվող գումարը համապատասխանի պայմանագրով նախատեսված չափին: Ինչ վերաբերում է այս ընթացքում ընկերությանը փոխանցված գումարին, ապա կարող եմ հավաստիացնել, որ յոթ ամսվա կտրվածքով ամեն ամիս տույժ է կիրառվել չիրականացված աշխատանքի համար»,- ասաց Հ. Կարապետյանը:
Արմինե Գրիգորյան