«Սանիթեք»-ը փորձում է փրփուրներից բռնվել
АналитикаՎերջապես կայացավ «Սանիթեք» ընկերության կողմից խոստացված ասուլիսը, որը մեծ հաշվով կարելի է ասել տեղեկություն էր ոչնչի մասին: Այդպես էլ պարզ չդարձավ, թե մինչ Երևանի նոր քաղաքապետ ընտրվելը, երբ դեռ նոր էր տեղի ունեցել իշխանափոխությունը, իսկ Երևան քաղաքը կառավարելու պարտականությունն իր վրա էր վերցրել Կամո Արեյանը, ինչու հանկարծ քաղաքը հայտնվեց աղբի մեջ:
Հիշեցնենք, որ դա 2018-ի ամռան ամիսներն էին, երբ դեռ պարզ չէր, թե ով է ստանձնելու քաղաքապետի պաշտոնը: Ասուլիսից այդպես էլ պարզ չդարձավ նաև, թե ինչու իշխանափոխությունից առաջ ընկերության աչքին չէին երևում շինարարական օբյեկտների աճը, շինաղբի աճող ծավալները, Նուբարաշենի աղբանոցի վատ վիճակը, իսկ իշխանափոխությունից հետո դրանք դարձան խնդիրներ:
Այդպես էլ պարզ չդարձավ, թե արդյո՞ք հենց անցյալ ամառվանից էին մարդիկ սկսել ավելի շատ ձմերուկ ուտել ու աղբ կուտակե՞լ, թե դա ևս օրինաչափություն է եղել, պարզապես նոր իշխանությունների ժամանակ, դա կրկին դարձավ խնդիր: Ասուլիսից հասկանալի չդարձավ նաև, թե ինչպես է պատահել, որ ընկերությունն իր համար կոմֆորտ վայր է ընտրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի հորը՝ Համլետ Նիկոյանին պատկանող տարածքը, բայց այդտեղ որևէ շահերի բախում չէր տեսել:
Ինչ վերաբերում է վարչական ճնշումներին, ապա դրանք ոչ թե նախորդել, այլ հաջորդել են «Սանիթեք»-ի կողմից արդեն իսկ մեկ տարի աղբը փողոցներում թողնելու երևույթին: Եվ ամենավառ երևակայության դեպքում անգամ, դժվար է պատկերացնել, որ քաղաքային իշխանությունները նորմալ սպասարկում իրականացնելու պարագայում վարչական տույժ կկիրառեին ընկերության հանդեպ:
Եվ, վերջապես, եթե կիրառված տուժերն ու տուգանքները ոչ իրավաչափ են եղել, ապա ընկերությունը կարող էր հարցը վիճարկել դատարանում, ոչ թե խոսեր վարչական միտումների մասին: Փոխարենը, ընկերության տնօրենը մի քանի անգամ շեշտեց իրենց ծառայությունների դիմաց վճարվող գումարի չափը վերանայելու մասին: Սա, մեղմ ասած, անհեթեթություն կարելի է համարել, իսկ մի քանի միլիոն դոլարի ներդրման խոստումը՝ հերթական զավեշտը մայրաքաղաքի ողջ բնակչության հանդեպ:
Ամեն դեպքում արձանագրենք, որ ավելի վաղ ընկերության կողմից խոստացած բացահայտումները չեղան, ոչ էլ առանձնապես ցնցող նորություններ հնչեցին:
Փոխարենը ընկերությունը ևս մեկ անգամ փորձեց հասկացնել, որ եթե քաղաքային իշխանությունները պայմանագրով նախատեսված գումարից ավելի շատ վճարեն իրենց, ապա պատրաստ են հարաբերական կարգուկանոնը վերականգնել, հակառակ դեպքում իրավիճակն ավելի կվատանա:
Եվ եթե այս ամենը դիտարկենք նոր ձևավորված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատանքներն ակտիվորեն սկսելու տեսանկյունից, ապա պարզ կդառնա, որ «Սանիթեք» ընկերության կողմից հրավիրված ասուլիսն ավելի շատ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության նոր եզրեր գտնելու համար էր կազմակերպվել, ինչը եթե չասենք ուշացած, ապա այլևս անիմաստ քայլ կարելի է համարել:
Արմինե Գրիգորյան