Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցները հանդիպել են ՀՀ հյուպատոսի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Международные новостиՌուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները (ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի), նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը:
Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, հանդիպմանն օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։
Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։
Դեսպանատունը խոստացել է իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ հայտնել լրացուցիչ։
Երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն էին տարածել, որում ասված էր, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում են ազգությամբ հայ աշխատողներին: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հարցում էր կատարել Սոչիի օդանավակայան, ինչին ի պատասխան հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները հերքվել են: Օդանավակայանից էլ նշել են, որ օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը: