Ամուլսարի հետագա ճակատագիրը նոր իշխանությունների ձեռքում
АналитикаՄի քանի տարի է, բնապահպանները բարձրաձայնում ու փաստարկված ներկայացնում են, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տրվել է առանց շրջակա միջավայրի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու: Եվ բնական է, որ կաբինետներում ծնված ու տրված փաստաթղթերը բավական կասկածելի կենսագրություններ կարող են ունենալ: Առավել ևս, որ, ըստ բնապահպանների, տեղում երբևէ որևէ ուսումնասիրություն կամ գործառույթ չի իրականացվել, և շահագործման թույլտվությունը տրվել է հանքի շահագործման հայտ ներկայացրած ընկերության ներկայացրած սեղմագրի հիման վրա:
Կարճ ասած, ի սկզբանե թույլտվության փաստը կասկածի տակ է եղել, որին, զարմանանալիորեն, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում կարծես որևէ մեկը ուշադրություն չի դարձնում: Ու թեև գործ է հարուցվել հանքի հետագա շահագործման վտանգներն ուսումնասիրելու համար, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե իրականում ՀՔԾ-ն ինչ կապ ուներ շահագործման հետագա վտանգերի ուսումնասիրության հարցի հետ, երբ հարկավոր էր ուսումնասիրել հանքի շահագործման թույլտվության հիմքերի օրինականությունը, ոչ թե հետևանքները:
Ի դեպ, Ամուլսարի շահագործման հարցն այսքան ձգձգելուց և ոլորտի պատասխանատուների կրավորական կեցվածքից կարելի էր ենթադրել, որ ամեն ինչ արվում է հարցը հիմնական ուղուց շեղելու համար, բայց, բարեբախտաբար, մշտարթուն բնապահպաններն, ովքեր երկար տարիներ կանգնած են եղել այս պայքարի հիմքերում, տող առ տող ուսումնասիրել են բոլոր փաստաթղթերը, ի դեպ, նաև օտար լեզվով, և լավ գիտեն, թե իրականում որտեղ է թաքնված շան գլուխը:
Այնուամենայնիվ, հասկանալի չէ, թե նոր իշխանություններն ինչու են շարունակում նախկին իշխանությունների սխալները կոծկել: Գուցե այն պատճառով, որ հակահեղափոխականների ճիրանները բավական խորն են, որի պատճառով նոր իշխանություններին պարզապես չի հաջողվում հին կապերից ձերբազատվել: Կամ գուցե նոր իշխանությունների անվան տակ ռեբրենդինգի ենթարկված հին իշխանությունների ներկայացուցիչնե՞րն են շարունակում երկիրը ղեկավարել, ո՞վ գիտե:
Ամեն դեպքում, իշխանափոխության հետ մեծ հույսեր կապած հասարակությունն ու բնապահպանները լղոզված ու ոչինչ չասող պատասխաններ լսել չեն ուզում: Նման պատասխաններ լսել են անցած երեսուն տարիների ընթացքում: Հիմա եկել է իրերն իրենց անուններով կոչելու և վճռական քայլեր կատարելու ժամանակը, որից էլ պարզ կդառնա, թե այնուամենայնիվ հասարակությունը նոր իշխանափոխությունի գործողություններից շահո՞ւմ են, թե՞ ոչ:
Արմինե Գրիգորյան