Ժողովուրդը մտածում էր, որ երկրում բան է փոխվել, բայց, փաստորեն, կյանքն այլ բան ցույց տվեց
ИнтервьюԲնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարում է, որ Ամուլսարի շահագործմանը դեմ չէ, բայց, իրականում, չի կարողանում դիմակայել միջազգային ճնշումներին:
Բնապահպանը համոզված է նաև, որ Փաշինյանը ևս բազում չփարատված կասկածներ ունի, բայց, այդուհանդերձ չի կարողանում ոչինչ անել: Իսկ ՔՊ-ականների այն հայտարարությունները, թե իրենց կառավարությունը որևէ ճնշումների չի ենթարկվում, կրկին ճիշտ չէ: Տիկին Ադամյանը համոզված պնդում է, որ ճնշումներ կան և այդ մասին գիետ բոլորը:
Խոսելով «Էլարտի» կողմից տրված եզրակացության թարգմանության մասին, Ս. Ադամյանը նշեց, որ այն ոչ միայն հեռու է մասնագիտական լինելուց, այլև հակագիտական է և այն կարդալով որևէ մեկը չի կարող գիտական որևէ եզրահանգման գալ:
«Դա պետք է անպայման հաշվի առնել: Չի բացառվում, նաև, որ թարգմանության ժամանակ շատ մտքեր նենգափոխված լինեն: Ես թեև մինչև վերջ չեմ կարդացել «Էլարտի» եզրակացության թարգմանությունը, քանի որ համբերությունս չհերիքեց, բայց այն մասնագետները, որոնք տիրապետում են անգլերենին, ասացին որ թարգմանությունը ահավոր վատն է, այնքան վատն է, որ հակագիտական է»,- ասաց Ս. Ադամյանը:
Անդրադառնալով արտաքին ճնշումներին, նա նշեց, որ բոլոր էլ գիտեն, որ տարբեր երկրների դեսպանները շատ քաղաքավարի, կոռեկտ ու հանգիստ զգուշացրել են Փաշինյանին ու Ավինյանին, որ եթե խոչընդոտեն Ամուլսարի հանքի շահագործմանը, ապա Հայաստանում ներդրումներ չեն լինի:
«Բայց մեզ համար բացարձակապես կարևոր չէ, թե որ երկիրն է կոնկրետ պրեսինգի ենթարկում մեր կառավարությանը: Մենք կարծում ենք, որ նման ճնշումներ մեր երկրի վրա ընդհանրապես չպետք է լինեն: Այդ ճնշումները սկսվել են դեռ Արմեն Սարգսյանի կողմից, ով որոշակի ուժերի ներկայացուցիչ է: Ու թեև ինքը հերքում է, թե՝ նման բան չկա, բայց այսօր ճնշումների մասին նույնիսկ Սերժ Թանկյանն է հայտարարել»,- ասաց Ս. Ադամյանը:
Նրա համոզմամբ կան նաև նախորդ իշխանություններից մնացած կապեր, որոնք թույլ չեն տալիս, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը դադարի գոյություն ուենալ: Հարցին, թե ինչու էին բնապահպանները ութ ամիս հանգիստ նստել ու Քննչական կոմիտեի որոշմանը սպասել, բնապահպանը նշեց, որ ժողովուրդը մտածում էր, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց փաստորեն, կյանքը ցույց տվեց, որ այդ հրեշավոր ծրագիրը կանգնեցնել հնարավոր չէ:
«Եթե այդ ծրագիրը լիներ մի տարածքում, որն ավելի քիչ վնաս կհասցներ բնությանը, բնապահպանները, գիտնականները գուցե համաձայնվեին, բայց հարցը Ջերմուկի, Սևանի ջրերին է վերաբերում, որի պատճառով, փաստորեն մենք կորցնելու են մի հսկա տարածք: Մեր գիտնական-փորձագետները ասում են նաև, որ մինչև վերջ ուսումնասիրված չէ, թե հանքի շահագործումն ինչ ազդեցություն կունենա խորքային ջրերի վրա, բացի այդ մենք ունենք սեյսմիկ խնդիրներ, որոնց ռիսկերը կրկին գնհատված չեն:
Հանքը շահագործողները, հասկանալով, որ եթե սկսեն խորանալ խորքային ջրերին հասցվող վտանգերի և սեյսմիկ խնդիրների մեջ, ապա հնարավոր է շատ հարցեր ջրի երես դուրս գան: Ասեմ ավելին, այդ տարածքում գիշանգղ տեսակի թռչուն է բնակվում, այդ վայերում է թռչունի բնադրավայրերը, որը գրանցված է նաև միջազգային Կարմիր գրքում: Հանքի շահագործման դեպքում պայթեցումները մինչև 50 կլիոմետր շառավղով ազդելու են թռչնի բազմացման վրա, որի վրա ևս աչք է փակվում:
Ի դեպ, օրենքով արգելված է միջազգային և հայկական Կարմիր գրքում գրացված կենդանատեսակների ու բուսականության տարածքում և մոտակայքում հանքարդյուանբերություն իրականացնել: Նշեմ նաև, որ կենսաբազմազանության փորձաքննությունն իրականացրել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, որը ֆինանսավորել է «Լիդիանը»: Մեծ գումարներ է փոխանցվել կենսաբազմազանության եզրակացության համար: Այնպես, որ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր նախկինում տվել են ՇՄԱԳ-ի եզրակացությունը, նույն մարդիկ էլ այսօր եղել են Քննչական կոմիտեի փորձագետները, այդ պատճառով էլ դրանք իրար նման են»,- ասաց Ս. Ադամյանը:
Արմինե Գրիգորյան