«Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ». Սերժ Թանկյանը նշում է 52-ամյակը
КультураԱշխարհում ամենահայտնի հայերից մեկը, երաժիշտ, System of a Down հայտնի ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, նշում է ծննդյան 52-ամյակը:
SOAD-ի երգերն առանձնահատուկ սիրված են Հայաստանում: 2015 թ-ին խումբը բացօթյա համերգ ունեցավ Երեւանում: Չնայած անձրեւին ու եղանակային անբարենպաստ պայմաններին՝ Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը չէր էլ մտածում տուն շտապելու մասին. երկրպագուները մինչեւ վերջին վայրկյանը վայելում էին համերգն ու ձայնակցում խմբի անդամներին:
Թանկյանը Axis Of Justice կազմակերպության համահիմնադիրն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Երաժիշտը նաեւ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ճանաչեն եւ ընդունեն Հայոց Ցեղասպանությունը: Թանկյանն ակտիվորեն անդրադառնում է Հայաստանի քաղաքալան իրավիճակին եւ մասնակցում տարբեր ակտիվիստական շարժումներին:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սերժ Թանկյանի հայտնի մտքերից մի քանիսը.
«Ռոք երաժշտության մեջ կա ուժի զանգված, որը ինքդ կարող ես կառավարել, կա քո երաժշտությունից վեր մի ուժգնություն, որը չես գտնի ջազի կամ դասական երաժշտության մեջ»:
«Երբեմն սիրային լավ երգը կարող է ավելի մեծ փոփոխություն եւ դրական էներգիա փոխանցել աշխարհին, քան ցանկացած քաղքական բնույթի երգ»:
«Միայն ձեւացնել, թե ապրում ենք, չի նշանակում, որ կենդանի ենք»:
«Քաղաքակրթությունը ձախողում է: Պետք է մտածենք այն բանի շուրջ, թե ինչ կարող ենք միասին անել սիրո եւ համերաշխության մեջ»:
«Անկեղծ ասած՝ երբեմն ավելի լավ է ունենալ բարորակ դիկտատոր, քան անպետք դեմոկրատիա»:
«Ես նախընտրում եմ, որ իմ երաժշտությունը խոսի իմ փոխարեն»:
«Որպես արտիստ՝ դու երբեք չես ցանկանում գրել միեւնույն երգը՝ փորձելով անընդհատ մարտահրավերներ նետել ինքդ քեզ»:
«Մարդիկ հաճախ են ինձ հարցնում՝ «Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է, որ ավելի շատ ռոք խմբեր լինեն, որոնք կներկայացնեն քաղաքական երաժշտություն»: Իմ պատասխանը միանաշնակ է՝ «Ոչ»»:
«Քանի մարդիկ պաշտպանում են իրենց տեսակետը, անկախ նրանից ակտիվիստ են, թե ոչ, դա է ամենակարեւոր բանը»:
«Երաժշտության վերաբերյալ ամենակարեւոր փաստն այն է, որ այն ճանապարհ է դեպի ճշմարտություն»: