«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի հրդեհից տուժած գործարարները կանգնել են խնդիրների առջև
ОбществоՊարզվում է, «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքերը 3,5 միլիոն դոլարի դիմաց գրավադրված է, իսկ ընկերությունը մի քանի ամիս է սնանկ ճանաչվելու գործընթաց է սկսել:
Ապահովագրված է եղել միայն մաքսային պահեստների հետ աշխատող մասը, իսկ մնացածը ապահովագրված չէ: «Արմեն Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Անդերասյանը զարմացած է, թե ինչպես կարող էր -18 – -20 oC-ի պայմաններում սառնարանային հատվածը հրկիզվել:
Տնտեսվարողների կարծիքով շենքը հրկիզել են, բայց դեռ չեն շտապում հետևություններ անել: Սպասում են ԱԻՆ-ի եզրակացությանը: Բայց արդեն սկսել են իրենց վնասները հաշվել:
Ա. Անդերասյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ իրենց, ընկերությունը ԱՄՆ-ից, Բրազիլիայից սառեցված թռչնի, տավարի, խոզի միս է ներկրում Հայաստան և ընդամենը վեց ամիս է, ինչ իրենց պատկանող ապրանքները պահեստավորում են Ձյունիկում: Արպանքի պահպանության համար ամսական մոտ 9 միլիոն դրամ գումար են վճարում, սակայն դեռ պարզ չէ, թե ինչու իրենց և մյուսների ապրանքը պատշաճ չի պահպանվել:
Հրդեհի ժամանակ մոտ 300 տոննա ապրանք կարողացել են շենքից դուրս բերել, իսկ մնացածը ծխահարվել կամ այրվել է և օգտագործման համար պտանի չէ: Մոտ 600 տոննա փրկել չի հաջողվել և տնտեսվարողները կառավարությունից պահանջում են հետ վերադարձնել վնասված ապրանքի ավելացված արժեքի հարկն ու մաքսատուրքը:
Տնտեսվարողների մոտավոր հաշվարկներով ընդհանուր առմամբ «Ձյունիկ սառնարանի» պահեստում եղել է մոտ 30 միլիոն դոլարի ապրանք, որի մեծ մասն այլևս հնարավոր չէ իրացնել: Եվ թե կառավարության որոշմամբ հաջողվի վնասված ապրանքի ԱԱՀ-ն ու մաքսատուրքը հետ ստանալ, բանակցություններ կսկսեն իրենց կորցրած գումարները Ձյունիկից հետ ստանալու մասին:
«Բոլոր տնտեսվարողները բանկերում վարկային պարտավորություններ ունեն և այս պահին սպասում են, թե կառավարությունն ինչ աջակցություն կցուցաբերի գործարարներին: Ես մեկուկես ամիս առաջ եմ իմացել, որ շենքը գրավադրված է, «Ինեկոբանկից» ինձ կանչեցին ու ասեցին, որ շենքը վաճառվում է, ես համաձայնեցի երկու միլիոն դոլար վճարել, սակայն հետո իմացա, որ Մոսկվայից մեկ այլ գործարար 2,5 միլիոն դոլարով է ցանկացել գնել, բայց հիմա այն այլևս այդքան արժեք չունի»,- ասաց Ա. Անդերասյանը:
Ինչ կպարզի հետաքննությունը, դեռ պարզ չէ, բայց ակնհայտ է, որ գործարարները կանգնել են խնդիրների առջև: Նրանք կանխատեսումն են նաև, որ շուտով մսամթերքի շուկայում որոշ ապրանքատեսակներ կթանկանան, քանի որ օրական մոտ 2000 զանգ են ստանում այլ տնտեսվարողներից, ովքեր ցանկանում են ճշտել, թե ապրանքներից որոնք են վնասվել, որ կարողանան շուկայում նոր գին սահմանել:
Ինչպես կլուծվի հարցը, ցույց կտա ժամանակը, բայց որ Ձյունիկի հրդեհը նոր գխացավաքն է կառավարության համար՝ երկու կարծիք լինել չի կարող:
Արմինե Գրիգորյան