Լոռու մարզի ժամանակակից «գողգոթան». «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ճանապարհային հանգույցները և լոգիստիկ միջոցները յուրաքանչյուր երկրի համար ունեն ռազմավարական և առաջնային գերկարևորություն, ըստ այդմ՝ յուրաքանչյուր իրավիճակում պետք է պատրաստ լինել ընդունել ցանկացած մարտահրավեր:
ՀՀ դեպքում խնդիրն ունենում է նաև առաջնայնություն այն առումով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, և ցանկացած պահի կարող են պայթել տարածաշրջանային լուրջ բախումներ։
Ահա նման ռազմավարական նշանակություն ունի նաև Մ-6 միջպետական մայրուղին, որը Հայաստանը կապում է Վրաստանի հետ, բացի դրանից, պատերազմական ժամանակահատվածում հանդիսանում է այլընտրանքային միակ կապող ճանապարհը։
2016 թվականին սեպտեմբերի 14-ին մեկնարկած կապիտալ վերանորոգման շինաշխատանքները, որ նախատեսված էր ավարտել 2018-ի սեպտեմբերին, դեռևս հեռու են ավարտական փուլից։
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից՝ համատեղ:
Մայրուղու՝ մինչև Թումանյան քաղաքն ընկած հատվածը ներկայումս կապիտալ վերանորոգված է, իսկ ամենատխուր պատկերը Ալավերդի քաղաքի մերձակայքն ու կոնկրետ քաղաքի ներսում տիրող քաոսն է, որն առաջացել է ճանապարհի քարուքանդ վիճակից։
Նախորդ տարվա նոյեմբերից ճանապարհի նշված հատվածում բառացիորեն անմարդկային վիճակ է, քանի որ ոչ մի կերպ հնարավոր չէ անցնել ճանապարհը՝ առանց մեքենան վնասելու։
Այս առիթով ալավերդցիները քանիցս նամակով դիմել են կառավարությանը, անձամբ այն ժամանակվա ՏՏ և ՏԿ նախարար Հակոբ Արշակյանն է խնդրին տեղում ծանոթացել, սակայն, ինչպես ասում են, սայլն այդպես էլ տեղից չի շարժվել։
Շինաշխատանքները սկսելուց առաջ շինարարները փոխանակ նախապես կատարեին չափագրում և տարածքում ապահովեին նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի բնակչությանը հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառեն, սկզբից քանդել, քերել են ամբողջ ասֆալտը, և հիմա մեքենաները ստիպված են երթևեկել գրունտային ճանապարհով, որն ամբողջությամբ քաղաքը ծածկում է փոշու ամպով. հենց սա էլ հանդիսացել է բողոքի ալիքի պատճառ։
Երեկ առավոտյան ալավերդցիները դարձյալ փակել էին Մ6-ը՝ շինաշխատանքները իրականացնող պատասխանատուից փորձելով ստանալ իրավիճակի վերաբերյալ հստակ բացատրություն։ Փաստենք մի կարևոր հանգամանք՝ բնակիչները բավականին լուրջ էին տրամադրված և զիջումների գնալու մտադրություն չունեին, քանի որ դանակն ուղղակի հասել է ոսկորին, և այլևս համբերելն ուղղակի անհնար է։
Շինաշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչը բնակիչների հարցեին ոչ մի առարկայական պատասխան չի ներկայացրել, ընդամենն ասել է, որ ստեղծված իրավիճակում իր մեղավորությունն ունի նաև «Բիլայն» ընկերությունը, որը չի թույլատրում համապատասխան մալուխները ճանապարհի շինարարական հատվածից հեռացվեն, որպեսզի կարողանան բետոնալցման և հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել։
Տեղին է նշել, որ ստեղծված վիճակը ոչ միայն խանգարում է տեղի բնակչությանը, այլև անմիջականորեն խոչընդոտում է տարածաշրջանային տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև հանրային սպասարկման ոլորտի ներկայացուցիչների գործունեությանը։
Հյուրատների և հանրային սննդի օբյեկտի սեփականատերերը դժգոհում են, որ աշխատում են վնասով։
Հավելենք, որ վրացական սահմանով ՀՀ մտնող «ֆուռերի» 60 տոկոսը նախընտրում է բեռը Երևան հասցնել հենց այս երթուղով, անգամ ձմռանը՝ ռելիեֆային բավականին անհարմար ու բարդ պայմանները չեն խոչընդոտում, որ Մ6-ը աշխատի ծանրաբեռնվածությամբ։
Մայրուղին ունի միջին ծանրաբեռնվածություն, յուրաքանչյուր օր այս հատվածով անցնում է շուրջ 3000 մեքենա: Ինչ վերաբերում է տնտեսական շահութաբերությանը, նշենք, որ Հայաստանի այս հատվածը միայն իր տուրիստական ոլորտով ունի բավականին մեծ պոտենցիալ:
Նշյալ հատվածի պատմամշակութային արժեքները բավարար են ՀՀ հյուսիսային հատվածի տուրիզմը զարգացնելու համար, իսկ զբոսաշրջիկին որևէ վայր հասցնելու համար առաջնայինը ժամանակակից կոմունիկացիան է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում