Գյումրիում մեկամյա դստերը սպանելու մեջ մեղադրվող երեխայի մայրը կալանավորվել է
ОбществоԳյումրիում մեկամյա դստերը սպանելու մեջ մեղադրվող երեխայի մայրը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։
Երեկոյան Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել էին երեխայի մորը եւ բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձնել, սակայն Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում նրան համոզել են նման քայլի չդիմել՝ առաջարկելով սոցիալական անհրաժեշտ պայմաններ, աշխատանք։