«Ինքնիշխան» երևալու արհեստական փիառը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի թեման վերջին օրերի քննարկվող թոփ թեմաներից էր, թեպետ ապաստանի հարցը ինքնին նոր չէ: Նա Հայաստանում ապաստան է ստացել այն հիմնավորմամբ, որ Ռուսաստան վերադառնալու դեպքում նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ քաղաքական հայացքների պատճառով։
Շիշկինը «Աջերը հանուն եվրոպական զարգացման» կուսակցության ղեկավարն է և Ռուսաստանում 3 անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել, այդ թվում՝ մասսայական անկարգություններ հրահրելու նպատակով ատելություն և թշնամանք սերմանելու համար:
Վերջինս պնդում է, որ հետապնդվում է քաղաքական մոտիվներով։
Ըստ որոշ գնահատականների, սա տեղի է ունենում այն ֆոնին, որ Ռուսաստանը բոլորովին վերջերս մերժել էր Հայաստանին արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին:
յսպիսի գնահատականներ հրապարակ նետվեցին իշխանական քարոզչամեքենայի ձեռամբ, սակայն շատ արագ էլ իրենց իսկ նետած թեման «ջրեցին»:
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ կապված թեմային ավելի ուշ անդրադարձավ նաև ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած Վիտալի Շիշկինը՝ անընդունելի համարելով այն համեմատությունները, թե իրեն փախստականի կարգավիճակի շնորհումը ՀՀ-ի պատասխանն էր Ռուսաստանին՝ Միհրան Պողոսյանին ՀՀ չհանձնելու դիմաց:
Փաստորեն, Հայաստանի իշխանությունները այդ որոշմամբ ցանկանում են ցույց տալ, որ կարող են պատասխանել Միհրան Պողոսյանին չարտահանձնելու դիմաց և տրամադրված չեն լինել զիջողի դերում։
Մի շարք իշխանամերձ և արևմտյան կողմնորոշում ունեցող վերլուծաբաններ Հայաստանի իշխանությունների՝ ռուս ընդդիմադիր գործչին ապաստան տրամադրելու որոշումը դիտարկեցին Հայաստանի ինքնիշխանության դրսևորում։
Մինչ Հայաստանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ է դրվում Շիշկինի հարցը, հայ-ռուսական հարաբերություններում առկա ավելի խորքային հարցեր մնում են ստվերում։
Առավել էական հարցերի համեմատությամբ Շիշկինի թեման երկրորդական խնդիր է, և այն ռուսական փորձագիտական շրջանակներում փոքրիշատե լուրջ արձագանք չի էլ գտել։
Երկրի շահերի տեսանկյունից առավել կարևոր խնդիր է այն, որ հայ վարորդները Հայաստանի վարորդական իրավունքով ՌԴում չեն կարողանում մեքենա վարել:
Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողներին մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։
Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ Ռուսաստանին մեղադրեց «Հայաստանին խտրական իրավիճակի մեջ դնելու և միակողմանի որոշում կայացնելու» հարցում։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ կոշտ հայտարարություն անելն այլ է, իսկ հարցի լուծմանը հասնելը՝ մեկ այլ խնդիր։
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական օրակարգում կուտակված խնդիրներին լուծումներ գտնելու և համագործակցությունը խորացնելու փոխարեն փորձում են այնպիսի գործելաոճ որդեգրել, որ ամեն պատեհ առիթի ուղղակի ցույց տան, թե իբր իշխանափոխությունից հետո Հայաստանի իշխանություններն ավելի ինքնիշխան քաղաքականություն են վարում։
Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելիս Հայաստանի իշխանությունները պետք է որպես առաջնահերթություն ունենան պետության և նրա քաղաքացիների շահերը, այլ ոչ թե իրենց՝ «ինքնիշխան» դիրքորոշում ունենալու փիառը, որը շատ դեպքերում նույնիսկ կարող է խանգարել երկկողմ օրակարգի հարցերի լուծմանը՝ մանավանդ որ գազի գնի հարցը դեռևս հստակեցված չէ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում