«Կառավարությունը պետք է ասի՝ արգելում է ընկերության գործունեությունը և վերջ»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունն Ամուլսարի հարցով: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց ընդհանուր վիճակը՝ նշելով, որ մի շարք ուղղություններով ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել:
Կառավարության պաշտոնական հաղորդագրությունն, ի վերջո, չի տալիս հստակ պատասխան՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ:
Նշենք, որ դեռևս օրեր առաջ «Էլարդ» խորհրդատվական ընկերության և կառավարության միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսից հետո Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության աշխատակազմը ընկերության եզրակացությունն ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե դրա մեջ կա՞ն տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:
Պաշտոնական հաղորդագրությունից որոշ ժամանակ անց միայն վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Ամուլսարի վերաբերյալ վերջին խորհրդակցության ժամանակ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի հանքի շահագործման հարցով շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ եզրակացության մասին զեկույց։
Էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ նոր ՇՄԱԳ անցկացնելու կամ չանցկացնելու մասին հարցադրումը սխալ է: «Հարցադրումը պետք է հետևյալը լինի՝ կարո՞ղ է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը գործունեություն ծավալել Հայաստանում, թե՞ ոչ:
Իմ համոզմամբ՝ պետք է արգելվի, որովհետև մեր օրենքները թույլ չեն տալիս, որ իրենք գործունեություն ծավալեն Հայաստանում: Դրա մասին կետերով խոսել եմ:
Ժամանակին եզրակացություն էի կազմել, որտեղ դիտարկել էի Սևանա լճի և ջրերի, Ջերմուկի՝ որպես առողջարանի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհների, պատմամշակութային արժեքների վերաբերյալ օրենսդրության խախտումները, «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների դրույթների խախտումները, ծրագրի իրավական կարգավորումները և ազդեցությունը Գնդեվազ, Գորայք, Կեչուտ, Սարավան գյուղերի վրա:
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումները, Ամուլսարի ծրագրի իրականացումն անթույլատրելի է»,-ասում է Վարդանյանը:
Նա հարցնում է՝ ի՞նչ են նշանակում այն կանխատեսումները, որ ամեն դեպքում նոր ՇՄԱԳ կանցկացվի: «Եթե «Լիդիանն» ասի, որ նոր ՇՄԱԳ չի անցկացնում, ի՞նչ են անելու:
Նոր ՇՄԱԳ-ի անցկացումը «Լիդիանի» իրավունքն է, չեն կարող պարտադրել, որ նա նոր ՇՄԱԳ ներկայացնի, և փորձաքննության ենթարկեն:
Այդ փաստաթուղթը պատրաստում է հանքարդյունահանող ընկերությունը, հիմա կառավարությունը ինչպե՞ս կարող է իրենց տեղը որոշում կայացնել: Կառավարությունը պետք է ասի՝ արգելում է ընկերության գործունեությունը և վերջ»,-ընդգծում է իրավաբանը:
Փաստորեն՝ ստացվում է, որ Ամուլսարի հարցում փակուղու մեջ ենք հայտնվում: Վարդանյանը դրական պատասխան է տալիս:
«Այո՛, որովհետև չեն լսում, քանի անգամ ենք ասում, թե ինչ հարցադրումներ պետք է անել:
Սխալ հարց են բարձրացնում, սխալ պատասխան ստանում և անընդհատ նոր խնդրի առաջ կանգնում»,-նշում է մեր զրուցակիցը:
Օրերս Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 3-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից պաշտոնական նամակ են ստացել, որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:
Գիտությունների ազգային ակադեմիան հայտնել էր, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ տալ լիարժեք գիտական հիմնավորում՝ հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները:
Էկոլոգը այս հայտարարության հետ կապված նշում է՝ արդեն 15 ամիս է, ինչ Ամուլսար տանող ճանապարհները փակ են: «Խնդիրն, իհարկե, շատ ավելի վաղուց է առաջացել:
Բայց գոնե այս ամիսների ընթացքում նախարարությունը կարո՞ղ էր հետաքրքրվել, թե ինչ իրավիճակ է: Եթե համարում էր, որ անհրաժեշտ է, թող դիմեր ինչ-որ մեկին եզրակացություն ստանալու համար:
Ինչո՞ւ է վերջին օրով դիմել ակադեմիային: Պարզ չէ՞, որ վերջին օրով ոչ մեկը չի կարող նորմալ եզրակացություն տալ, կամ էլ, ինչպես միշտ, այն ձևական բնույթ կկրեր, կասվեր, որ առարկություններ չկան:
Ի՞նչ է անելու այդ ինստիտուտը: Գնալու է այնտեղ, փորձանմուշնե՞ր վերցնի, ի՞նչ փողով է դա անելու, թե՞ էլի եղած թղթերը նայելու են և ինչ-որ բան գրեն:
Ո՛չ հասկանում են իրենց առաջադրած խնդիրը, ո՛չ գիտենք, թե ինչ որոշում են կայացնում: Պետք է հստակ լինի՝ մեր օրենքներին համապատասխան: Ցանկացած այլ լուծում խնդիրը փակուղի է մտցնելու:
Հարցը միայն իրավական լուծում ունի: «Լիդիանի» գործունեությունն արգելված է՝ ՇՄԱԳ և փորձաքննության մասին օրենքի համաձայն, բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի որոշման համաձայն, որը ակտ է կազմել, վարչական վարույթ սկսել և արգելել հանքարդյունահանող ընկերությանը գործունեություն ծավալել:
Ի վերջո, քրեական գործ է հարուցվել: Պետք է այս կետերի հիման վրա փաստաթուղթ կազմել, ստորագրել, և հարցը փակել»,-եզրափակում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում