«Կարող է պատահի` մեզ հետևում են». Facebook-ի հավելվածն անընդհատ ֆիքսում է մարդու գտնվելու վայրը. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Հիշո՞ւմ եք՝ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հայտնի արտահայտություններից մեկը, երբ Մուրադը Սերոբին ասում է. «Ձեզ լուրջ պահեք, կարող է պատահի` մեզ հետևում են»:
Իհարկե, 21-րդ դարում հարևանների աչքերին ու ականջներին փոխարինելու է եկել համացանցը: Մեկ գրառում սոցիալական ցանցերում, այս կամ այն տեղեկատվության որոնում, նկարների տեղադրում. այս կերպ մենք ավելի հասանելի ենք դարձնում մեր կյանքը: Երբեմն սա անում ենք կամովին, երբեմն էլ անձնական որոշակի տվյալներ հայտնվում են ցանցում անկախ մեր կամքից:
Հատկապես սոցիալական ցանցերից օգտվողները կփաստեն, որ, օրինակ, հանդիպման ժամանակ կարող են զրուցել ինչ-որ թեմայի կամ անձի մասին (ոչ հեռախոսով) և հանկարծ Facebook-ի իրենց էջում տեղեկատվություն կամ գովազդ է հայտնվում նույն թեմային վերաբերող: Խոստովանենք՝ եղել են դեպքեր, երբ խոսել ենք ինչ-որ մեկի մասին կամ նրա հետ (էլ չենք խոսում նրա մասին ցանցում տեղեկատվություն որոնելու մասին), իսկ որոշ ժամանակ անց Facebook մուտք գործելիս այն մեզ առաջարկել է ընկերանալ այդ մարդու հետ:
Վերջերս էլ հետաքրքիր դեպք պատահեց մեր աշխատակցի հետ: Երևանյան փողոցներից մեկով անցնելիս նկատել էր X ծառայություն և ամուսնուն հարցրել՝ տեսնես ի՞նչ կարժենա այս ծառայությունը: Միայն այդքանը: Հաջորդ օրը Facebook-ը հենց այդ ծառայության գովազդն է առաջարկել, ընդ որում՝ այդ նույն հասցեի ծառայության տվյալները:
Այս դեպքում ինչի՞ հետ գործ ունենք: Հնարավո՞ր է, որ մեզ իրոք հետևում են: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում սա հետևյալ կերպ է մեկնաբանում:
«Ընկերությունները գովազդը կարող են կազմել ոչ միայն հետաքրքրությունները, այլ նաև տեղանքը հաշվի առնելով: Կարելի է նշել բավականին նեղ տեղանք: Եթե մարդն ունի հեռախոս, որից նա այդ պահին չի էլ օգտվում, Facebook-ի հավելվածն անընդհատ ֆիքսում է մարդու գտնվելու վայրը:
Այսինքն՝ բավական է դուք ինչ-որ տեղով անցնեք, ապա մեծ հավանականությամբ այդտեղ առկա ծառայությունների գովազդը կհայտնվի ձեր էջում:
Facebook-ը ոչ միայն հետևում է, թե ինչ եք անում համացանցում, այլ նաև որտեղ եք գտնվում: Նրա հաջողության գրավականն այն է, որ այնպիսի գովազդային համակարգ է ստեղծել, որ մարդուն ամեն կերպ «բռնացնում է»»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նրան, որ դեպքեր են լինում, երբ անձնական զրույցների ժամանակ մարդիկ քննարկում են ինչ-որ իրադարձություններ, խոսում ինչ-որ թեմաներից, որոշ ժամանակ անց Facebook-ում դրա մասին տեղեկատվություն են ստանում, Մարտիրոսյանն ասում է, որ սա այն թեմաներից է, որը մինչև հիմա պատասխան չունի:
«Այսինքն՝ կան մարդիկ, որոնք մե ղադրում են Facebook-ին, որ այն լսում է իրենց և, ըստ այդմ, նաև գովազդ է ցույց տալիս, առաջարկում մարդկանց հետ ընկերանալ և այլն: Facebook-ը դա հերքում է, որովհետև դա կհամարվեր մուտք անձնական կյանք:
Իրենք ասում են, որ մարդկանց մոտ մի սինդրոմ է, երբ նրանք մինչև այդ էլ են տեսել այդ առաջարկները, բայց ուշադրություն չեն դարձրել, իսկ հետո, երբ խոսել են, դրանք միանգամից աչքի են ընկել: Սա Facebook-ի բացատրությունն է:
Իրականում մեծ կասկածներ կան, որ լսում են, բայց սա հաստատված փաստ չէ»,-եզրափակում է մեդիափորձագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում