«Ներկայիս իշխանություններն արհամարհում են հասարակության կարծիքը». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ հրապարակվում են պաշտոնական տվյալներ, թե որքան միրգ ու բանջարեղեն կամ էլ այլ տեսակի ապրանքներ են արտահանվել Հայաստանից, ոչ ոք գյուղացուց չի հետաքրքրվում, թե ինչպես է անցկացրել ամառը, ինչ դժվարություններ է ունեցել, ինչով է պետությունը նրան օգնել, արդյոք երկրում տարվել է ճիշտ գյուղատնտեսական, այսինքն՝ ագրարային քաղաքականություն: Նման կարծիք «Փաստի» հետ զրույցում հայտնում է «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Գյուղատնտեսության նախարարության օպտիմալացումը ճակատագրական սխալ էր: Կա երկու սխալ, որ կառավարությունն այսօր անում է: Նախ՝ նախարարության օպտիմալացումը, հետո՝ գյուղական համայնքների խոշորացման գործընթացը:
Խոշորացման վտանգն այն է, որ գյուղերը քանդվում են, ծերանում, դատարկվում: Մարդիկ արտագաղթում, գնում են: Խոշորացման արդյունքում կենտրոնացել են խոշոր քաղաքների շուրջը, որոնց միանում են կողքի փոքր գյուղերը:
Պաշտոնյաներն ասում են, որ խոշորացման արդյունքում գումարները, այսինքն՝ համայնքի բյուջեն, կմեծանա:
Այո, գումարը մեծանում է, բայց ինչի՞ հաշվին: Փոքր գյուղերի բյուջեն ոչ թե դրանց վրա է ծախսվում, այլ խոշոր քաղաքի: Կենտրոնը ծաղկում է, իսկ փոքր գյուղերը՝ մեռնում»,ասում է Սեդրակյանը:
Հարցնում եմ՝ իսկ ճիշտ կառավարման դեպքում համայնքների խոշորացումը կարո՞ղ էր օգուտ բերել փոքր համայնքներին: Սեդրակյանը բացասական պատասխան է տալիս:
«Գյուղերին պետք է տալ ինքնուրույնություն, չմիավորել:
Այլ հարց է, որ կլինեն բացառություններ: Կան, օրինակ, գյուղեր, որոնք քիչ բնակիչ ունեն, դրանք կարելի է կցել մեկ ուրիշ գյուղի հետ:
Բայց հիմա ուզում են, օրինակ, Արմավիրում խոշորացնել համայնքները:
Տեսեք, թե ինչ պատերազմներ կլինեն գյուղերի միջև: Ժամանակին նախկին իշխանությունները դա արեցին, քանի որ ԵՄ-ն և ԱՄՆ դեսպանատունը գումարներ էին տրամադրել այդ ծրագրի համար:
Բայց չի կարելի թույլ տալ, որ երեխան մի քանի գյուղ անցնի և նոր հասնի դպրոց»,նշում է մեր զրուցակիցը:
«Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահն անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտում այս տարի առկա խնդիրներից մեկին՝ անասնակերի սպասվող դեֆիցիտին:
«Գյուղատնտեսության մեջ հետաքրքիր մի բան կա, երբ բերքը շատ է լինում, անասնակերը քչանում է: Դե, եթե քիչ եղավ, կթանկանա, իսկ այդ դեպքում հնարավոր չի լինի շատ անասուն պահել:
Մարդիկ ստիպված պետք է մորթ իրականացնեն: Կարծում եմ, որ սրա հետևանքով նաև կաթնամթերքն ու մսամթերքը կթանկանան: Արդյոք իշխանություններն այս մասին մտածո՞ւմ են, ի՞նչ են անելու սա կանխելու համար»,-ասում է Սեդրակյանը՝ կարծիք հայտնելով, որ խնդիրներից խուսափելու կամ դրանց լուծումներ գտնելու համար ուղղակի պետք է ճիշտ կադրեր ընտրել
«Աշխատանքի են ընդունում մարդկանց, որոնք գիտեն անգլերեն, ֆրանսերեն և այլն, բայց այլ լեզուների պետք է տիրապետել. հասկանալ հողի, բույսի, կենդանու, գյուղատնտեսական մեքենաների լեզուն:
Լեզուների հետ կապված հարցեր կլինեն, թարգմանիչների հրավիրե՛ք»,-ասում է Սեդրակյանը:
Նա ընդգծում է՝ այսօր գյուղատնտեսության ոլորտի առջև կան լուրջ խնդիրներ, դրանք չեն համակարգվում, չեն վերհանվում: «Ոլորտը բարձիթողի վիճակում է: Ոչ մի հանրային քննարկվում չի արվում, որ ժողովուրդը տեղյակ լինի կատարվող և սպասվող անելիքներից:
Գյուղացիները հեղափոխությունից մեծ ոգևորություն ապրեցին, նրանց սպասելիքները շատ էին, բայց որոշ ժամանակ հետո հիասթափություն առաջացավ, և էլի բռնեցին արտագաղթի ճանապարհը: Մարդիկ եկել էին, ուզում էին գործ դնել, բայց թողեցին, գնացին, վստահություն չկա:
Պետական և արտերկրից եկող միջոցները պետք է արդյունավետ օգտագործել, հասարակության հետ պետք է հաշվի նստել, լսել նրա տեսակետները:
Ասում են՝ գյուղատնտեսության ոլորտում հեղափոխություն ենք անելու, հետո վերցնում են ու գյուղնախարարությունը փակում: Դա՞ էր հեղափոխությունը:
Մենք քննադատում ենք նախկին իշխանություններին, ասում, որ նրանք վատն էին, բայց ինչ-որ տեղ հաշվի էին նստում մեզ հետ, քննարկումներ էին անում:
Չեմ ասում, թե մեր ասածներն ամբողջությամբ տեղ էր հասնում, բայց ինչ-որ հարցերում ազդում էր նրանց վրա: Ներկայիս իշխանություններն արհամարհում են հասարակության կարծիքը»,-եզրափակում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում