Ի՞նչ պետք է ասվեր, որ չասվեց.ջանքերն անհամեմատ շատ պիտի լինեն. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Մի քանի ամիս է, ինչ վարչապետ Փաշինյանն ասուլիսով հանդես չէր եկել։ Նրա վերջին ասուլիսը տեղի էր ունեցել մայիսի 8-ին։ Այս ընթացքում վերջինիս շփումը հանրության հետ տեղի էր ունենում հիմնականում ուղիղ եթերների միջոցով, որոնց ընթացքում վարչապետն, ի տարբերություն ասուլիսի ֆորմատի, կարող է խուսափել իրեն ոչ հաճելի, նուրբ թեմաների շոշափումից և հանրությանը հաղորդել իր նախընտրած ինֆորմացիան։
Եվ ահա, սեպտեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցավ վարչապետի՝այդքան սպասված ասուլիսը, որը, ինչպես նախորդ ասուլիսի դեպքում, մի քանի ժամ տևեց, որովհետև հանրությանը և լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցեր էին կուտակվել։
Վարչապետն այս անգամ ևս նախընտրեց ասուլիսը սկսել Նոր Հայաստանի մասին 100 փաստերի ներկայացմամբ, որոնց մեջ ընդգրկված էին տարբեր արդյունքներ, որ գրանցվել են այս ամիսների ընթացքում։
Սակայն այդ փաստերի մեջ կային նաև այնպիսի արդյունքներ, որոնց նշանակությունը պետության համար ուղղակի աննշան է, և հարկ չկար անգամ հիշատակել դրանք, քանի որ այդպիսի «ձեռքբերումները» ուղղակի կառավարության պարտականությունն են։ Գումարած այնպիսի «փաստեր», որոնց թվարկումն ուղղակի, մեղմ ասած, զարմանք է պատճառում, ինչպես, ասենք, կառավարական ամառանոցում Վերջին զանգի միջոցառում անցկացնելը:
Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ առանձնահատուկ ցուցանիշների, որոնց կառավարությունը կարող էր հասնել մեծ ջանքերի գնով, ուղղակի չկային։ Կարճ ասած՝ այդ 100 փաստերում հիմնականում սովորական և ընթացիկ նշանակություն ունեցող արդյունքներ էին։
Եվ եթե վարչապետի նախորդ ասուլիսի ընթացքում ներկայացված 100 փաստերը քիչ թե շատ ուշադրության արժանացան, ապա այս անգամ այդ ցուցանիշներն ուղղակի մնացին ստվերում՝ համեմատած հարցուպատասխանի ժամանակ շոշափված թեմաների։
Եվ հարցուպատասխանի ամենաուշագրավ հատվածը վերաբերում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին վարչապետի հայտարարությանը, որից հետո այն դարձավ հանրությանը հուզող և հիմնական քննարկվող թեման։
Վարչապետը պատասխանեց նաև լրագրողներին հուզող այլ հարցերի, որոնք վերաբերում էին տարբեր խնդիրների՝ Ամուլսարից մինչև Արցախյան հիմնահարց։
Սակայն երևի թե քչերի կողմից ուշադրության արժանացած լինի այն փաստը, որ վարչապետի մոտ որոշակիորեն լարվածություն էր նկատվում, և հնարավոր է՝ դա պայմանավորված էր ԱԱԾ տնօրենի (գուցե և՝ ոչ միայն նրա) հետ ունեցած տարաձայնությունների և հրաժարականի փաստով, քանզի վարչապետը հասկանում է, որ Վանեցյանը բարձր վարկանիշ ունի հանրության շրջանում և հրաժարականի լուրերից հետո ինքը կարող է հայտնվել հանրության քննադատությունների թիրախում։
Եթե հանենք ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասը, ապա վարչապետի ասուլիսը որևէ առանձնահատուկ տեղեկությամբ աչքի չընկավ, քանի որ դրանում վարչապետը հիմնականում արծարծում էր իր այն մոտեցումները, որոնք նա նախկինում ևս բազմիցս հանրությանը հայտնել է։
Բայց ելնելով իր լրագրողական պրակտիկայից՝ վարչապետն ասուլիսը ավելի ինտրիգային և հետաքրքիր դարձնելու համար այս անգամ նույնպես շոշափեց քրեական գործերի հարուցման և գումարները հետ բերելու թեման։
Սակայն որքան էլ Փաշինյանը փորձեց գունազարդել թեման, որպեսզի գրգռի հանրության ուշադրությունը, այն չունեցավ այնպիսի արձագանք, ինչպես որ ունենում էր նախկինում։
Ամեն դեպքում ասուլիսն այն չէր, ինչն ակնկալում էր ժողովուրդը, ըստ երևույթին՝ վարչապետից այսուհետ պահանջվում է առավել մեծ ջանքեր, որպեսզի արդարացնի հասարակության ակնկալիքները ու պահպանի հասարակության թեկուզ պարզ մեծամասնության՝ գոնե լոյալ վերաբերմունքը իր նկատմամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում