ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան
АналитикаՀետաքրքիր է, որ Ացախի հերոս Վիտալի Բալասանյանը թեև կտրուկ է արտահայտվում Հայաստանի ներկա իշխանությունների մասին, սակայն Հայաստանյան իշխանությունները կարծես լսում են գեներալի հորդորները:
Դեռ օրեր առաջ էր նա հայտարարել, որ ուժային կառույցների ղեկավարները, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենը, ՀՀ ոստիկանապետը, ՔԿ և ՀՔԾ ղեկավարները և ՀՀ դատախազը պետք է հրաժարական տան: Իր այդ մոտեցումը նա թեև կապում է դեռևս մայիսի 19-ին ՀՀ տարածքում իր մեքենան խոզարկության ենթարկելու փորձի, ինչպես նաև Վանեցյան-Խաչատրյան հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածվելու հետ, բայց ուշագրավ է, որ այդ հայտարարությունից հետո, մեկ օրվա տարբերությամբ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը:
Ստացվում է, որ տարիների փորձառությունը Բալասանյանին օգնեց ճիշտ կանխատեսել իրավիճակը, կամ, գուցե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է որոշել հետահայց գնահատական տալ ամիսներ առաջ կատարվածին և հանգել այն եզրակացության, որ իրավական պետություն կառուցելու ճանապարհին առանց խուզարկության մասին դատարանի վճռի չէր կարող Արցախի հերոսի մեքենան կանգնեցվել և խուզարկության փորձ կատարվել, ինչը նրանց չհաջողվեց:
Ամեն դեպքում, եթե իշխանությունները հայտարարում են, որ այլ որակի իրավական պետություն են ցանկանում կառուցել, ապա այդ ճանապարհը պետք է այնպես անցնեն, որ բոլորի հանդեպ իրականացվող գործողությունները բխեն օրենքի տառին և ոգուն համապատասխան: Հակառակ դեպքում ամեն ինչ կնմանվի յուրայինների և ուրիշների միջև ընթացող պայքարի կամ մարտեր առանց կանոնների, որի հետևանքները մենք արդեն տեսել ենք դեռևս 90-ական թվականների սկզբին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: