Թվերի զարմանահրաշ աշխարհն ու վիճակագրությունը
АналитикаԵթե իրականությանը կամ կյանքի որակին նայում ենք վիճակագրական թվերի տեսանկյունից, օրինակ ինչքան ներդրող է այս ընթացքում եղել, ինքան աշխատատեղ է բացվել և այլն, և դրանից ելնելով փորձենք գնահատել երկրի տնտեսական իրավիճակը, ապա կստացվի, որ պարզապես խաղում ենք թվերի հետ, առանց դրանց մեջ խորանալու:
Սովորական սպառողի կամ հողի մշակի համար ընդհանուր առմամբ այնքան էլ կարևոր չէ, թե մակրո և միկրո շրջանակներում թվերի խաղի արդյունքում ինչքան աճ կամ անկում են գրանցվում: Սովորական սպառողի համար կարևոր է, որ խանութում վաճառվող ապրանքը չթանկանա, սննդմաթերքը լինի անվտանգ, փողոցները մաքուր լինեն, լուսավորված և այլն:
Եվ եթե այս հարցերը նորմալ կարգավորվում են, ապա բնական է, որ յուրաքանչյուր անհատ կկարողանա պլանավորել իր եկամուտն ու ծախսը՝ առանց խորանալու երկրի տնտեսական ու ֆինանսական թվաբանության մեջ: Այս տեսանկյունից ամենևին էլ կարևոր չէ, թե վիճակագրական ծառայություններն ինչ թվեր են հրապարակում, կամ անասնաբույծներից ով քանի գլուխ խոշոր եղջերավոր կենդանի է որոշել ավել կամ պակաս պահել:
Ինչ վերաբերում է արտաքին ներդրումների ծավալներին, ապա այս առումով հրապարակվող թվերի ու երևույթների միջև խորանալիս պարզ է դառնաում, որ օտարերկրյա ներդրում ասվածը միշտ չէ, որ երանելի արդյունք կարող է ապահովել, հատկապես երբ խոսքն այնպիսի ոլորտում գործունեություն ծավալելու մասին է, որը կարող է վնաս հասցնել հազարավոր մարդկանց:
Օրինակ, եթե դիտարկենք միջազգային ներդողներից «Սանիթեքի» կամ «Լիդիան Արմենիայի» գործունեությանը, ապա ամենից առաջ պետք է հասկանալ ու գնահատել, թե նման ներդրումների արդյունքում երկիրն ընդհրապես շահե՞լ է, թե՞ կորցրել: Հատկապես, եթե մի ձեռքով բնակիչներից գումարներ է հավաքվում ու այն տրվում է ինչ-որ մասնավորի, որն էլ իր հերթին չարած գործի դիմաց պետք է եկամուտ ստանա, ինչ է, թե տարիներ առաջ համարվել է միջազգային ներդրող ու պարտավորվել է ծառայություն մատուցել, բայց հարց է ծագում, թե սեփական գրպանը հարստացնելուց բացի դա որքանո՞վ է նպաստել երկրի տնտեսության զարգացմանը:
Կամ, եթե օվշորներում գրանցված կազմակերպությունները ինչ-ինչ գործունեություն են ծավալել և դրա դիմաց գերշահույթներ ստանալով հանդերձ նույնիսկ հարկեր չեն վճարել, ապա դա որքանո՞վ է նպաստել երկրի տնտեսական ակտիվության կամ աճի վրա:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, ցավոք, չկան: Մինչդեռ թվերի մանիպուլյացիայով զբաղվողները ամեն ինչ կառուցում են տվյալ պահին ինչ-որ թիվ մեկ այլ թվի հետ համեմատելով ու հապճեպ կամ կողմնակալ եզրակացություններ անելով:
Բայց, ամեն թվի մասին խոսելուց առաջ նախ հարկավոր է դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը հասկանալ, վերլուծել ու նոր միայն եզրակացություններ անել: Հակառակ դեպքում նույն թվերի աշխարհում մոլորված անձինք այդպես էլ չեն կարողանա հասկանալ, թե իրականում ինչու են վիճակագրական թվերը նվազում կամ աճում, կամ այդ թվերի խաղն իրականում առողջարա՞ր է երկրի տնտեսության համար, թե՞ ոչ:
Արմինե Գրիգորյան